ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ամռանը խորհրդակցություններ կանցկացվեն Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ռազմավարական գործակցության շրջանակի վերանայման նպատակով

Ամռանը խորհրդակցություններ կանցկացվեն Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ռազմավարական գործակցության շրջանակի վերանայման նպատակով

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության դերակատարումը Ֆրանսիայի հետ բազմաոլորտ համագործակցության շարունակական խորացման տեսանկյունից: Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը կարևորել է ինչպես քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող աջակցությունը, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների և այլ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ: Կարևորելով ոռոգման ենթակառուցվածքների և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված համագործակցության շարունակականությունը՝ հատուկ անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ մեկնարկող՝ «Հայաստանում ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության ոլորտի համալիր զարգացում» ծրագրի իրականացման մանրամասներին:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԶՖԳ հետ ռազմավարական գործակցության շրջանակի վերանայման նպատակով նախատեսվող տարեկան խորհրդակցությունները 2025 թվականի ամռանը անցկացնելու վերաբերյալ:

  • Կիսվել: