երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
THRIVE ծրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ

THRIVE ծրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 20–ի նիստում հավանություն տվեց 2025 թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Ծրագրի նպատակն է զարգացնել կայուն, դիմացկուն և ներառական բնակարանային համակարգ Հայաստանում՝ աջակցելով փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը և բարեկեցությանը։ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցները կազմում են 16,450,000 ԱՄՆ դոլար, որն ուղղված է լինելու վարկային ծրագրի համաֆինանսավորմանը։

Ծրագիրը նպատակաուղղված է բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանը և դրա իրականացման գործընթացների կատարելագործմանը։ Նախատեսվող ֆինանսավորումը կիրականացվի փուլ առ փուլ՝ սահմանված ցուցիչների և դրանց համապատասխան արդյունքների կատարմամբ։ «THRIVE» ծրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել շուրջ 109,000 էթնիկ հայ փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ:

  • Կիսվել: