հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Team-ը հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզում

Team-ը հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզում

Երկրի օրվա շրջանակում Team Telecom Armenia-ն մեկնարկեց կայուն զարգացման նախագիծ՝ ներգրավելով նաև իր հաճախորդներին։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վաճառված յուրաքանչյուր սմարթֆոնի դիմաց ընկերությունը կտնկի 10 ծառ՝ հիմնելով 1 հեկտար անտառ Լոռու մարզի Բովաձոր համայնքում։

Հիմնադրման օրվանից Team Telecom Armenia-ն ակտիվ քայլեր է իրականացնում շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ, որն ամրագրված է նաև ընկերության կայուն զարգացման ռազմավարությունում։ Հաշվի առնելով, որ Հայաստանում անտառներն ածխածնի կլանման հիմնական աղբյուրն են, իսկ ընկերությունը պարտավորվել է մինչև 2029 թվականը նվազեցնել մթնոլորտային արտանետումները 40%-ով, ուստի այստեղ էական նշանակություն ունի անտառածածկ տարածքների ընդլայնումը։

«Արդեն 3 տարի է, ինչ միանում ենք Երկրի օրվան՝ ցույց տալով մեր հանձնառությունը շրջակա միջավայրի պահպանության գործում: Անչափ ուրախ ենք, որ այս տարվա նախաձեռնությունն իրականացվում է մեր հաճախորդների աջակցությամբ։ Անտառների հիմնումը հատկապես կարևոր է կլիմայապես խոցելի մարզերում, այդ իսկ պատճառով ընտրել ենք Լոռին, որպեսզի վերջինս նաև կարողանա դիմակայել աճող բնական աղետներին»,- ասում է Team Telecom Armenia-ի բնապահպանության և սոցիալական հարցերով փորձագետ Արևիկ Մկրտչյանը։

Անտառապատման աշխատանքները կատարվում են ոլորտում բազմամյա փորձ ունեցող Արմենիա Թրի Փրոջեքթի (ATP) հետ համագործակցությամբ, որն իրականացնելու է նաև անտառի հետագա խնամքն ու սպասարկումը։ Տարածքի ամբողջական անտառապատումն իրականացվելու է 2025 թվականի գարնանը և աշնանը։

«Անտառների ստեղծման գործում շեշտը դնում ենք անտառների պաշտպանական, անվտանգային, էներգետիկ, սոցիալ-տնտեսական նշանակությունների, ինչպես նաև կենսաբազմազանության զարգացման և պահպանման վրա։ Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքով սպասվող աղետները` տարեցտարի ավելացնում ենք անտառապատման ծավալները՝ ընտրելով առավել խոցելի տարածքներ», - նշում է Արմենիա Թրի Փրոջեքթի Անտառային բաժնի ղեկավար Վահե Մացակյանը:

Վերջին տարիներին բնապահպանական կառավարման համակարգի ներդրման շնորհիվ Team Telecom Armenia-ն հասել է նշանակալի արդյունքների։ Մասնավորապես, 2024 թվականին ընկերության ավտոպարկում էլեկտրական մեքենաների թիվը հասել է 22,8%-ի, ինչը էականորեն նպաստում է ածխածնային հետքի նվազեցմանը։ Միաժամանակ, արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման արդյունքում էներգասպառման մեջ վերականգնվող էներգիայի արտադրանքի քանակը կազմում է շուրջ 4,1%, այսպիսով 2022-ի համեմատ աճելով մոտ 20 անգամ։

Բացի այդ, ընկերությունը ակտիվորեն զբաղվում է թափոնների կառավարմամբ․ վերամշակվել է ավելի քան 6000 կգ թուղթ և ստվարաթուղթ, իսկ E-sim տեխնոլոգիայի գործարկման շնորհիվ հաջողվել է խուսափել 557 կգ պլաստիկ քարտերի, հետևաբար նաև պլաստիկ աղբ ստեղծելուց։ Ավելին` շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շրջանակներում կրկնօգտագործման են հանձնվում էլեկտրական սարքավորումներ, որոնց ընդհանուր թիվը նախորդ տարի հասել է շուրջ 11,522 հատի։

Երկրի օրն ամենամյա միջոցառում է, որը նշվում է ապրիլի 22-ին՝ շրջակա միջավայրի պահպանությանն աջակցելու նպատակով: Այս տարի այն նշվում է «Մեր ուժը, մեր մոլորակը» խորագրի ներքո:

 


Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: