«Սուրմալու»-ի հարևանությամբ նոր մետրոյի կայարանի կառուցման համար էսքիզային մրցույթը կհայտարարվի մինչև մայիսի ավարտը
Երևանի քաղաքապետարանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը նախատեսում է մայիսի ավարտին հայտարարել «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում նոր մետրոյի կայարանի կառուցման համար էսքիզային նախագծի մրցույթ։ Այս մասին մայիսի 5-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց գրասենյակի տնօրեն Անետա Բաբայանը։
Նրա խոսքով՝ տեխտնտեսական ուսումնասիրության մրցույթի հայտարարման համար տեխնիկական առաջադրանքն արդեն պատրաստ է, լրամշակվել է միջազգային խորհրդատուների մասնակցությամբ և քննարկումների արդյունքում։
«Մետրոպոլիտենի հետ քննարկումների ընթացքում ի հայտ են եկել նոր հանգամանքներ՝ կապված Քրիստափոր փողոցի կամրջի տեխնիկական և անվտանգային խնդիրների հետ։ Քանի որ կայարանի կառուցումը կարող է ազդել կամրջի հետագա շահագործման վրա, որոշվել է այդ հարցերն էլ ներառել նախագծում»,-նշեց Բաբայանը։
Նա տեղեկացրեց, որ ներկայում ավարտվում են թարգմանչական աշխատանքները, ինչից հետո մրցույթը պաշտոնապես կհայտարարվի։ Միաժամանակ մշակվել է հանրային ներդրումային ծրագիր, որը նախատեսվում է այս շաբաթ ուղարկել ՀՀ կառավարություն՝ քննարկման։
Անետա Բաբայանը նշեց նաև, որ տեխտնտեսական հիմնավորումը և էսքիզային նախագիծը պատրաստ լինելուց հետո, ֆինանսավորման աղբյուրի հստակեցման պարագայում, հնարավոր կլինի սկսել նախագծման փուլը։