Ստուգումներ և իրազեկման արշավներ ուսհաստատություններում. ՔՏՀԱՏՄ 2026 թ. վերահսկողական միջոցառումների ընթացքը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, առաջնորդվելով Տեսչական մարմնի 2026 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների, կանխարգելիչ և իրազեկման միջոցառումների ժամանակացույցով, վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևան քաղաքի, ինչպես նաև Արարատի և Արագածոտնի մարզերի մի շարք հանրակրթական և նախադպրոցական հաստատություններում։
Մասնավորապես, ընթացիկ տարում Տեսչական մարմնի տարածքային բաժինների մասնագետների կողմից դիտարկվել են ինչպես մասնավոր, այնպես էլ համայնքային կառույցներ. հրդեհատեխնիկական ուսումնասիրություններ և ստուգումներ են իրականացվել Երևանում՝ «Ինչուիկ», Արարատում՝ «Արթի Սենթր» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի թիվ 3 «Հովիկ» մանկապարտեզում:
Նշված ուսումնական հաստատություններում Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործառույթների առանցքային նպատակն է եղել տեղում ապահովել հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտը կանոնակարգող նորմատիվ-իրավական ակտերի ու փաստաթղթերի պահանջների անշեղ կիրարկումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման հաստատություններում են կենտրոնացված մեծ թվով անչափահասներ՝ նորմերի պահպանման խիստ վերահսկողությունը դառնում է ռիսկերի նվազեցման կարևորագույն երաշխիք:
Ստուգայցերին զուգահեռ իրականացվել են նաև կանխարգելիչ-իրազեկող աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարձրացնել անձնակազմի և սաների գիտելիքները հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ։
2026 թվականի ծրագրով նախատեսված այս միջոցառումները կրելու են շարունակական բնույթ՝ միտված լինելով հանրապետության կրթական կառույցներում անվտանգության խնդիրների գույքագրմանը, թերությունների վերացմանն ու ապահով միջավայրի ստեղծմանը։



