երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան

Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան

Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը, որով նախատեսվում են տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլարի, իսկ առաջին 18-ամսյա ժամանակահատվածի համար՝ 10.5 մլն ԱՄՆ դոլարի համայնքային զարգացման ներդրումներ։ Այս մասին գրել է  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Համաձայնագիրը ստորագրվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների միջև։

Համաձայնագրով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ստանձնում է համայնքային զարգացման տարեկան ֆինանսական ներդրումներ կատարելու պարտավորություն՝

 

 շինարարության փուլում՝ տարեկան 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ,

արտադրության փուլում՝ տարեկան 7 մլն կամ 9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ կախված համապատասխան ժամանակահատվածում ոսկու միջին գնից,

 2025 թ. հուլիսի 1-ից մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ն ընկած առաջին 18-ամսյա ժամանակահատվածի համար՝ 10.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։

Համաձայնագրով նախատեսվում է նաև ստեղծել «Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամ», որի միջոցով կիրականացվի համայնքային զարգացման ծրագրերի ֆինանսավորման և կառավարման հիմնական մասը։

Փաստաթուղթը ստորագրել են նաև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը, Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը և Ջերմուկի համայնքապետ Մանան Գևորգյանը։

Ստորագրման արարողությանը ներկա են եղել նաև «Լիդիան Արմենիայում» Կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը, Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Համաձայնագրի նպատակն է ծրագրի ազդեցության ենթակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ֆինանսական աջակցության տրամադրման, կառավարման, բաշխման և վերահսկողության միասնական իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի սահմանումը։

Համաձայնագրով սահմանված ազդակիր բնակավայրերն են Ջերմուկը, Կեչուտը, Գնդեվազը, Սարավանը՝ ներառյալ Սարալանջը և Ուղեձորը, և Գորայքը»,-գրել է նա:

  • Կիսվել: