ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Շրջակա միջավայրի փոխնախարարը ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է COP17-ի կազմակերպմանն առնչվող հարցեր

Շրջակա միջավայրի փոխնախարարը ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է COP17-ի կազմակերպմանն առնչվող հարցեր

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
 
Հանդիպման առանցքային թեման եղել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման գործընթացը, որի հյուրընկալող երկիր 2026 թվականին կլինի Հայաստանը։
 
Արամ Մեյմարյանը ներկայացրել է համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացիկ վիճակը, անդրադարձել կազմակերպչական մի շարք գործնական հարցերի, ներառյալ՝ ենթակառուցվածքային լուծումներին, միջազգային և տեղական գործընկերների ներգրավվածությանը, միջոցառման հաղորդակցման կազմակերպմանը և դրա շեշտադրումներին։
 
Նա ընդգծել է, որ համաժողովը կարևոր հնարավորություն է Հայաստանը ներկայացնելու որպես բնապահպանական արժեքների կրող և կենսաբազմազանության պաշտպանության առաջնագծում գործող պետություն։
 
Ֆրանսուազ Ժակոբը հետաքրքրությամբ ծանոթացել է համաժողովի կազմակերպման ուղղությամբ իրականացվող քայլերին, վերահաստատել ՄԱԿ-ի համակարգի աջակցությունը՝ միջոցառման բարձր մակարդակով և արդյունավետ կազմակերպման գործում։ Նա նաև կարևորել է համաժողովի ներառական բնույթը՝ ընդգծելով քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և երիտասարդության մասնակցության նշանակությունը։
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բնապահպանական օրակարգի համատեղ առաջմղմանը։
 
Հանդիպումը ևս մեկ քայլ էր ամրապնդելու Հայաստանի և ՄԱԿ-ի միջև փոխվստահելի ու համատեղ գործողություններին ուղղված համագործակցությունը՝ ուղղված համաշխարհային կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման նպատակների իրականացմանը։

  • Կիսվել: