երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
Շինարարների փողոցի մայթերը,այո՛, պետք է ազատվեն բոլոր կրպակներից. Ավինյան

Շինարարների փողոցի մայթերը,այո՛, պետք է ազատվեն բոլոր կրպակներից. Ավինյան

Ես գիտեմ, որ բավականին բարդ, բայց շատ կարևոր աշխատանք եք իրականացնում Շինարարների փողոցում, նաև հասկանում եմ բոլոր այն մարդկանց, որոնք ունեն մտահոգություններ և փաստացի դա իրենց աշխատատեղերն էին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12–ին, Երևանի հերական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ օրեր առաջ Շինարարների փողոցում խանութների սեփականատերերը բողոքի ակցիա էին իրականացնում՝ բողոքելով, որ իրենց խանութներն ունեն սեփականության վկայականներ, սակայն քաղաքապետարանը որոշել է դրանք քանդել՝ ժամանակ չտալով իրենց։

Ավինյանը նաև նշեց. «Հանրային շահը միշտ գերակա է մասնավոր շահից, և Շինարարների փողոցի մայթերը, այո, պետք է ազատվեն բոլոր կրպակներից, և պետք է վերադարձվի այդ ամբողջ մայթը և այդ ամբողջ փողոցը աջափնյակցիներին, երևանցիներին, որովհետև դա իրապես Աջափնյակի ամենագեղեցիկ փողոցներից մեկն է եղել։ Ես վստահ եմ, որ ինքը կրկին այդ համբավը ունենալու է։

Հետևապես շնորհակալ եմ ձեզ ձեր աշխատանքի համար, բայց նաև պետք է աշխատել բոլոր այն մարդկանց հետ, որոնք այս պրոցեսում, իհարկե, տուժում են, բայց այնուամենայնիվ մենք չենք կարող շեղվել մեր հիմնական ուղուց, այն է հանրային շահի գերակայությունը»։

Նշենք, որ խանութների ու կրպակների սեփականատերերը նշել էին, որ փաստացի իրենց խանութները քանդում են առանց փոխհատուցում տալու, իսկ հանրային գերակա շահ ճանաչվելու դեպքում դա պարտադիր պահանջ է։ Ընդհակառակը, ըստ սեփականատերերի, իրենց ասել են՝ եթե ուզում եք փոխհատուցում ստանալ, դիմեք դատարան։ Նաև ասել են՝ եթե մենք հիմա ձեզ ժամանակ տանք, դուք դատարանի միջոցով կհասնեք նրան, որ չկարողանանք քանդել։

  • Կիսվել: