Սևանա լճի պահպանությունից մինչև COP17․ ՇՄՆ-ում ընդունել են JICA-ի պատվիրակությանը
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) պատվիրակության հետ։
Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Նա նշել է, որ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ բնապահպանական ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ հատկապես կենսաբազմազանության պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման և բնական էկոհամակարգերի վերականգնման ուղղություններով։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ ընդգծելով, որ նման միջազգային հարթակները ոչ միայն նպաստում են գիտելիքների և փորձի փոխանակմանը, այլև նոր հնարավորություններ են ստեղծում միջազգային գործընկերությունների զարգացման և բնապահպանական օրակարգի առաջմղման համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սևանա լճի և հարակից էկոհամակարգերի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև Ճապոնիայի տեխնիկական համագործակցության շրջանակում հնարավոր ծրագրային նախաձեռնությունների իրականացման հարցերը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության, ջրային ռեսուրսների կառավարման, կենսաբազմազանության պահպանության և էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման հարցերին։ Նշվել է, որ տարբեր գործընկերների աջակցությամբ իրականացվում են ծրագրեր՝ ուղղված ջրի որակի բարելավմանը, կեղտաջրերի կառավարմանը և համայնքների կայուն զարգացմանը, սակայն Սևանա լճի էկոհամակարգերի պահպանության և վերականգնման համար անհրաժեշտ է համալիր և երկարաժամկետ մոտեցում։
Կողմերը քննարկել են նաև տեղական համայնքների մասնակցության, միջգերատեսչական համագործակցության, գիտական տվյալների և մոնիթորինգի համակարգերի ամրապնդման, ինչպես նաև կայուն ֆինանսավորման հնարավորությունների հետ կապված հարցեր։
Ընդգծվել է, որ Սևանա լճի պահպանությունը Հայաստանի բնապահպանական քաղաքականության առաջնահերթություններից է և կարևոր նշանակություն ունի ինչպես ազգային, այնպես էլ միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել մասնագիտական քննարկումները՝ հնարավոր համագործակցության շրջանակները հստակեցնելու և ծրագրային հայտի հետագա առաջմղման ուղղությամբ աշխատանքները համակարգելու նպատակով։
JICA-ի պատվիրակությունն այցելել է նաև «Սևան» ազգային պարկ՝ տեղում ծանոթանալու հնարավոր համագործակցության ուղղություններին և ծրագրի թիրախային տարածքներին։


