չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է գյուղատնտեսական մթերքներ և ծաղիկ արտադրող և արտահանող տնտեսվարողներին

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է գյուղատնտեսական մթերքներ և ծաղիկ արտադրող և արտահանող տնտեսվարողներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է բուսասանիտարական ենթահսկման ապրանքներ՝ գյուղատնտեսական մթերքներ և ծաղիկ, արտադրող և արտահանող տնտեսվարողներին:
 
Քննարկում է ծավալվել վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմնի՝ Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») կողմից ներկայացվող խնդիրների մասին:
 
Պետրոսյանը վստահեցրել է, որ Տեսչական մարմինը շահագրգռված է պահպանելու գործընկերային հարաբերություններ բոլոր ոլորտների բոլոր տնտեսվարողների հետ, սակայն միայն մի դեպքում. եթե տնտեսվարողներն աշխատեն իրավական ակտերով սահմանված նորմերի շրջանակներում:
 
Նա հորդորել է վնասակար օրգանիզմների դեմ պայքարի գործուն միջոցներ, կարանտին ձեռնարկել, ինչպես նաև տեղեկացրել է, որ «Ռոսսելխոզնադզորի» կողմից ներկայացված արտահանող 67 կազմակերպություններ ընդգրկվել են բարձր ռիսկային ընկերությունների այն ցանկում, որոնց առաջիկայում բուսասանիտարական հավաստագրեր (սերտիֆիկատներ) չեն տրամադրվի:
 
Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ ներմուծման երկրում, բուսասանիտարական վերահսկողություն ապահովելու նպատակով, բեռները համապատասխան լիազոր մարմին ներկայացնելը պարտադիր պայման է մեր երկրում արտահանման թույլտվություն՝ հավաստագիր, ստանալու համար:

  • Կիսվել: