շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Սամվել Կարապետյանի բիզնեսներում ստուգումներ անելու հրահանգ ստացե՞լ է Փաշինյանից․ ՊԵԿ նախագահի պարզաբանումը

Սամվել Կարապետյանի բիզնեսներում ստուգումներ անելու հրահանգ ստացե՞լ է Փաշինյանից․ ՊԵԿ նախագահի պարզաբանումը

Նման հանձնարարական ես չունեմ, ընդ որում, քանի որ առավոտից զբաղված եմ եղել, չեմ էլ լսել նման արտահայտության մասին։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական լայվում ասել է, որ Սամվել Կարապետյանը կարող է մինչև տարեվերջ միլիարդատերից դառնալ բոմժ, և արդյոք այդ ուղղությամբ հարկային տեռոր սկսելու հրահանգ ինքն ստացել է։

Հարցին՝ եղե՞լ են իրավիճակներ, երբ ստացվել են նմանատիպ հրահանգներ՝ ստուգելու ինչ-որ անձանց պատկանող բիզնեսներ, միտումնավոր, գտնել ինչ-որ բաներ, ՊԵԿ նախագահը բացասական պատասխան տվեց. «Չեն եղել նման բաներ, իմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ լինելու շրջանակներում չեն եղել։ Մեր վարչարարությունը իրականացվում է թիրախային ռիսկերի հիման վրա:

Պարզ է չէ՞, որ, ըստ էության, ՊԵԿ–ի անմիջական ղեկավարը վարչապետն է, ու բնական է, որ օրինակ ժամանակ առ ժամանակ կարող են հարցեր ծագել, թե օրինակ այս կամ այն բիզնեսն ի՞նչ ռիսկեր ունի, ի՞նչ ստվերային խնդիրներ ունի, ի՞նչ սխեմաներ ունի, ի՞նչ հարցեր կան։ Նման խոսակցություններ, իհարկե, վարչապետի հետ տեղի են ունենում, և դա շատ բնականոն է: Ընդհուպ մինչև մենք ինքներս ենք նախաձեռնում բազմաթիվ վերլուծություններ և ներկայացնում ենք։ Պարզ է, որ գնում ենք ռիսկերի և ստվերի հետևից թիրախային: Սա է մեր աշխատելաոճը:

Տեռորը անօրինական շարժումն  է դեպի հարկ վճարողը, ինչ-որ գործողություններ անելու, որոնք օրենքից դուրս են, բայց մենք այդպիսի գործողություն չենք արել ու չենք էլ անելու, դրանք թիրախային են ու շատ կոնկրետ ռիսկերի հիման վրա»։

  • Կիսվել: