ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Սահմանամերձ Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել է. Քաղաքաշինության կոմիտե

Սահմանամերձ Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել է. Քաղաքաշինության կոմիտե

Տավուշի մարզի Դովեղ գյուղում կառուցվող դպրոցի ընդհատված շինարարությունը վերսկսվել է. ծրագիրը շարունակելու համար Քաղաքաշինության կոմիտեն ներգրավել է նոր կապալառու։ Առաջնահերթ իրականացվում է հենապատի կառուցումը՝ համայնքի միակ ճանապարհի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով։ Զուգահեռաբար շարունակվում է դպրոցի շենքի կասեցված շինարարությունը, շտկվում են նախորդ թերությունները։

Ընդհատված ծրագրի երկրորդ մեկնարկից առաջ օրերս շինհրապարակ է այցելել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ Շինարարի առջև հստակ խնդիր է դրել՝ աշխատանքները կատարել արագ տեմպով ու պատշաճ որակով։ «Շինարարական ծանր տեխնիկան արդեն տեղափոխել ենք շինհրապարակ, առաջիկայում կտեղադրենք ևս մեկ վերամբարձ կռունկ, որպեսզի դպրոցի և հենապատի աշխատանքները միմյանց չխանգարեն։ Արդյունքում լինելու է բոլոր հարմարություններով, ուսումնական և մարզադահլիճի մասնաշենքեր, արտաքին մարզադաշտ, թաքստոց, արևային ֆոտովոլտային կայան ունեցող դպրոց՝ նախատեսված 9 դասարանի համար և ներառելու է նախակրթարան»,-վստահեցնում է «Պրոմ գրուպ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ռաֆայել Գրիգորյանը։

Գյուղի բնակիչ, լրագրող Թաթուլ Հակոբյանը նշում է, որ դպրոցի կառուցմանը սպասող բնակիչներին ոչ պակաս մտահոգում է համայնքի վնասված ճանապարհի վերականգնումը։ Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության խորհրդական Աշոտ Նալբանդյանը վստահեցնում է՝ հարցը քննարկվել է տեղական ինքնակառավարման մարմինների հետ. ճանապարհը վերականգնվելու է և լայնացվելու. «Քաղաքաշինության կոմիտեն շնորհակալություն է հայտնում գյուղի բնակիչներին համբերատարության համար. ամիսներ շարունակ շինարարությունը, թեպետ ոչ կոմիտեի մեղքով, դադարել էր և եղանակային պայմաններից ելնելով՝ հանգեցրել փլուզման՝ անհարմարություններ պատճառելով բնակիչներին»։

 

Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի շինարարության համար պատասխանատու նախկին կապալառու «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն աշխատանքներն իրականացրել էր ժամկետների կոպիտ խախտումներով և նախագծից ու պահանջվող որակից շեղումներով, ինչը փաստագրվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից, ինչպես նաև կատարված նմուշառումների լաբորատոր փորձարկումներով։ Ընկերությունը նաև սահմանված ժամկետում չէր ներկայացրել 2025թ. հունվարին կոմիտեի ուղարկած համաձայնագրի հաստատված օրինակը, պայմանագրի և որակավորման ապահովումների բանկային երաշխիքները, ինչի արդյունքում էլ փետրվարին կոմիտեն պայմանագիրը լուծել էր։ Ընկերությունը դատական կարգով բողոքարկել էր պայմանագրի լուծումը, և դատարանը, կիրառելով հայցի ապահովում՝ կասեցրել էր շինարարական աշխատանքները։ Այդպիսով՝ ծրագրի իրագործումը հերթական անգամ ընդհատվել էր։ Այդուհանդերձ, դատարանը 2025թ. ապրիլին մերժել է Քաղաքաշինության կոմիտեի դեմ ուղղված պահանջները՝ հօգուտ կոմիտեի կայացնելով վճիռ։

 

Գործող ընթացակարգերով առաջնորդվելով՝ հնարավոր է եղել նոր կապալառուի հետ պայմանագիր կնքել միայն 2025թ. հունիսի վերջին։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 1 տարվա ընթացքում։

  • Կիսվել: