Սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ տուն կառուցելու ծրագրով դիմելիությամբ Տավուշն առաջատարն է
Վերաբացվում է սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրում սահմանվել են մի շարք թիրախային ուղղություններ։
Հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ նախ հնարավորություն է տրվում 2025 թ․ մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած և ծրագրի գործող պայմաններին բավարարող ընտանիքներին։
«Այն ընտանիքները, որոնք թույլտվություն ստացել են, հողամաս են ձեռք բերել ու չեն հասցրել օգտվել ծրագրից, ապա արդեն կարող են դիմել։ Ի դեպ, հողամաս ձեռք բերելը նկատի ունենք ինչպես առք ու վաճառքի գործարքը, այնպես էլ ժառանգությունը, նվիրատվությունը, հողամասի կարգավիճակի փոփոխությունը և այլն»,-ասաց Գայանե Ղարագյոզյանն՝ ընդգծելով, որ նախնական գնահատմամբ խոսքը 400 ընտանիքի մասին է։ Եթե ամեն դեպքում այս ցուցանիշը կլինի ավելին, սահմանափակում չի լինելու ինչպես դիմումների ընդունման, այնպես էլ բնակավայրի հարցում։ Այս պարագայում ի սկզբանե ծրագրով նախատեսված 80 բնակավայրերն ուժի մեջ են։ Ծրագրի պայմանները հետևյալն են, ամուսինները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն, ամուսնությունը պետք է լինի գրանցված։ Եթե նրանց գումարային տարիքը գերազանցում է 75-ը, ապա պետք է ունենան առնվազն մեկ անչափահաս երեխա։
Հաջորդ թիրախային ուղղությունը վերաբերում է այն բնակավայրերին, որտեղ բնակչության ու փաստացի շահառուների թվերի հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից։ Այսինքն՝ համեմատաբար այս բնակավայրերում դիմելիությունը պասիվ է եղել։ Այստեղ առանձնացվել է 49 սահմանամերձ բնակավայր՝ սահմանելով նոր պայման։
«Այս ընթացքում մենք ստացանք դժգոհություններ այն մասին, որ հարևան բնակավայրերից գալիս են ու տվյալ գյուղական բնակավայրում տուն են կառուցում, իսկ տեղի բնակչությունը տարբեր պատճառներով չի հասցրել օգտվել ծրագրից։ Այդ իսկ պատճառով կայացվեց որոշում, որ ծրագրի վերաբացմամբ նոր քվոտաները կվերաբերեն բացառապես այն ամուսիններին, որոնցից առնվազն մեկը վերջին 1 տարին ունեցել է տվյալ բնակավայրի հաշվառում»,-ասաց նա։
Երրորդ թիրախային ուղղությունն առնչվում է այն բնակավայրերին, որտեղ իրականացվում է 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրը։ Այն համայնքներն են առանձնացվել, որտեղ կառուցված դպրոցներում աշակերտների թափուր տեղերը գերազանցում են 50 տոկոսը։ Այստեղ շահառուների համար նոր պայման է ավելացել։ Ամուսինները պետք է ունենան առնվազն մեկ 10 տարին չլրացած երեխա և նրանցից որևէ մեկը չպետք է Երևանում ունենա անշարժ գույք, վերջին 1 տարին էլ չպետք է հաշվառված լինի Երևանում։
Ծրագիրը նոր է վերաբացվել, բայց արդեն 150 հայտ հաստատվել է և նույնքան էլ ուսումնասիրության փուլում է։
Մինչ այժմ ծրագրով 2319 դիմող ուներ շահառուի կարգավիճակ, իսկ 2276-ն արդեն վարկավորվել էր։ Դիմողների ճնշող մեծամասնությունը Տավուշի մարզից են, որին հաջորդում են Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց ձորը և Արարատը։ 291-ն էլ արդեն հանձնել է ավարտական ակտ, ինչը նշանակում է, որ տները պատրաստ են բնակության։
Ծրագրով նախատեսված աջակցության չափը 16 մլն դրամ է, սակայն Տավուշի մարզի Բերքաբեր, Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար բնակավայրերում աջակցության չափը դարձավ 21 մլն դրամ, ինչը նպաստեց շահառուների թվի նկատելի ավելացմանը։
Ծրագրի վերաբացմամբ նախատեսված 1420 քվոտա։


