երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Ռուսաստանի ԱԳՆ-ում գնահատել են՝ արդյոք Հայաստանը ԵՄ-ում կգտնի այլընտրանքային շուկաներ, թե ոչ

Ռուսաստանի ԱԳՆ-ում գնահատել են՝ արդյոք Հայաստանը ԵՄ-ում կգտնի այլընտրանքային շուկաներ, թե ոչ

Քիչ հավանական է, որ Հայաստանը կարողանա Եվրոպայում Ռուսաստանին ու ԵԱՏՄ երկրներին այլընտրանքային շուկաներ գտնել իր արտադրանքի սպառման համար։ RTVI-ին տված հատուկ հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ինչ վերաբերում է հայկական արտադրանքի սպառման այլընտրանքային շուկաներ գտնելուն, որն այսօր տասնյակ տոկոսներով, երբեմն նույնիսկ գրեթե ամբողջությամբ արտահանվում է Ռուսաստան, ապա ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր դա անել»,- նշել է ԱԳՆ փոխնախարարը։

Միխայիլ Գալուզինի խոսքով՝ առևտրային այն ինքնավար միջոցառումները, որոնք Բրյուսելը մշակում է հայկական ապրանքների համար, «բացարձակապես քաղաքականացված բնույթ են կրում։ Դրանք ևս մեկ անգամ ի ցույց են դնում Եվրամիության ու նրա վարած քաղաքականության հակառուսական էությունը, երբ դժվարագործադրելի խոստումներ տալով՝ փորձում են Հայաստանին դեպի իրենց ձգել»։

Հունիսի 19-ին հայտնի է դարձել, որ Եվրահանձնաժողովը Հայաստանին 34 միլիոն եվրո է փոխանցել՝ Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ ԵՄ կայքում նշվում է, որ այս փաթեթը ներառում է առևտրի դյուրացում և երկրի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված քայլեր։ Բացի այդ, Եվրամիությունը ծրագրում է ընդլայնել հայ արտադրողների մուտքը եվրոպական շուկաներ։

Սպասվում է, որ հուլիսի 5-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը կայցելեն Հայաստան։

  • Կիսվել: