հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
«Ռուսալ Արմենալ» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է 5.2 մլրդ դրամի ներդրում

«Ռուսալ Արմենալ» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է 5.2 մլրդ դրամի ներդրում

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կոնվերտացիոն փայլաթիթեղի արտադրության համար։ Կոնվերտացիոն փայլաթիթեղը հանդիսանում է փայլաթիթեղների շարքի տեխնոլոգիապես ամենաբարդ արտադրանքը, շուկայում ունի մեծ պահանջարկ և կայուն բարձր գին: Կիրառվում է սննդի, դեղորայքի և այլ հատուկ պահանջներ ունեցող արտադրանքների փաթեթավորման համար:

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2000թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 5․2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 472 աշխատատեղ 518 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 5․2 մլր դդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 290․5 մլն դրամ:

  • Կիսվել: