Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային մտավոր սեփականության ռազմավարության արդյունավետ իրագործման կարևորությունը։
Նախարար Պապոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ջանքերն ու ռազմավարական առաջնահերթությունները մտավոր սեփականության ոլորտում՝ ընդգծելով ոլորտի կապը տնտեսության դիվերսիֆիկացման և արտահանման խթանման հետ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել WIPO-ին՝ Հայաստանում իրականացվող ծրագրերին ցուցաբերած շարունակական աջակցության համար։
Դարեն Թանգը բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ մասնակցությունը WIPO-ի նախաձեռնություններին և պատրաստակամություն հայտնել աջակցել համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ տեղական ստեղծարար ներուժի զարգացման, կրթական նախաձեռնությունների և մտավոր սեփականության ռազմավարության իրագործման ոլորտներում։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, WIPO-ի գլխավոր տնօրենի տեղակալը և այլ ներկայացուցիչներ»,-ասված է հաղորդագրության մեջ։