ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Քննարկվել է Սիսիանի և Քաջարանի միջև 60 կմ երկարությամբ ճանապարհի կառուցմանն ուղղված ֆինանսական պայմանագիրը

Քննարկվել է Սիսիանի և Քաջարանի միջև 60 կմ երկարությամբ ճանապարհի կառուցմանն ուղղված ֆինանսական պայմանագիրը

Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված՝ «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի տեղեկացմամբ՝ փաստաթղթով բանկը Հայաստանին կտրամադրի մինչև 236 մլն եվրո գումար: Նախատեսված միջոցներն ուղղվելու են ՀՀ Սյունիքի մարզում Սիսիանի և Քաջարանի միջև նոր 60 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի ֆինանսավորմանը:

Ըստ փոխնախարարի՝ ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածներով՝ հյուսիսային ենթահատված (Հյուսիսային ճանապարհահատված՝ Սիսիանից մինչև Շենաթաղ)՝ 27.1 կմ  երկարությամբ, Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ և հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ:

«Պայմանագրով նախատեսված միջոցներով կֆինանսավորվի ծրագրի հյուսիսային և հարավային ենթահատվածների կառուցումը»,- ընդգծել է զեկուցողը և հավելել, որ ծրագիրը կհամաֆինանսավորվի նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից:

Ծրագրի շրջանակում միայն հյուսիսային և հարավային հատվածներում կկառուցվեն 3 երթևեկելի գոտիներով ճանապարհ, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջ, շուրջ 4 կմ ընդհանուր երկարությամբ 8 թունել:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033 թվականի դեկտեմբերը:

Կառավարության ներկայացուցիչը նաև պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով ծրագրի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ:

Նախաձեռնությունը քննարկվել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի արտահերթ նիստում և ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: