Փաշինյանը ընտրվելուց առաջ խոստումներ էր տալիս, ասում էր՝ քաղաքացին տուգանվելու մատերիալ չի, էսօր հարկայինի տեսուչների բանակ են ստեղծել․ տնտեսվարող
«Փաշինյանը ընտրվելուց առաջ խոստումներ էր տալիս, ասում էր՝ քաղաքացին տուգանվելու մատերիալ չի, էսօր հարկայինի տեսուչների բանակ են ստեղծել»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց տնտեսվարող Ռոման Ավանեսովը։
«Հարկայինի տեսուչները խմբերով գալիս են, մեկին ուղարկում են ապրանք առնելու, կտրոնը տպում ես, 2-րդին ու 3-րդին են ուղարկում, էնքան են անում, որ կարողանան բռնեն կտրոն չտպելիս։ Կամ էլ նենց իրավիճակ են ստեղծում, որ առևտուր անելիս խառը լինես, միամիտ կտրոնը չտպես, գան տուգանեն, է՞դ ա իրանց նպատակը»,–ասաց նա։
Նա նշեց, որ կառավարության դիմաց հավաքված տնտեսվարողներից ոչ ոք 2026 թվականին կայանալիք ընտրությունների ժամանակ չի ընտրելու ՔՊ–ին։
«Գառի դեպքով գայլ էր, դիմակը հանեց։ Եկավ ավտոբուսի դեմը պառկեց, ասեց ժողովուրդ ջան, ձեզ համար եմ անում։ Է՞ր էր անում ժողովրդի համար։ Բա՞ էս ժողովուրդն ինչ ա եկել հրապարակում հավաքվել, հո՞ պարապ նստած չէին»,–ասաց տնտեսվարողը։