ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ներկայացվել են Կառավարության՝ 2024 թ. արդարադատության ոլորտում կատարած բարեփոխումների հիմնական ուղղությունները

Ներկայացվել են Կառավարության՝ 2024 թ. արդարադատության ոլորտում կատարած բարեփոխումների հիմնական ուղղությունները

Նախորդ տարի ընդունվել է Ընտրական օրենսգրքի  փոփոխությունների փաթեթը, որով  հստակեցվել են քարոզչական նյութերի,  քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ կարգավորումները: Նախատեսվել են նաև նախընտրական հիմնադրամների արդյունավետ կառավարման, կուսակցությունների ֆինանսավորման ու ֆինանսական վերահսկողության նոր կառուցակարգեր և այլն: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ  արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 18-ի նիստում  քննարկման ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի համապատասխան մասերը:

Սրբուհի Գալյանի տեղեկացմամբ «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխությունների ընդունմամբ առաջին անգամ նախատեսվել են փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմնի՝ Փաստահավաք հանձնաժողովի ձևավորման կարգը, նպատակները, իրավասությունները, գործունեության կարգը և փաստահավաք գործունեության իրականացման համար անհրաժեշտ այլ կարգավորումները:

Հանձնաժողովի գործունեության արդյունքում Հայաստանում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածում որոշակի ոլորտներում մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների բացահայտման ուղղությամբ կիրականացվի փաստահավաք գործունեություն:

2024 թվականի փետրվարից պաշտոնապես գործարկվել է քաղաքացիական գործերով էլեկտրոնային դատարանի համակարգը: 2024 թվականին Հայաստանում իրականացված հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներն արժանացել են միջազգային բարձր գնահատականի: 2024 թվականի նոյեմբերին Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) գնահատման շրջանակներում չորրորդ փուլի համապատասխանության զեկույցի (Լրացում) ընդունմամբ Հայաստանի համար ավարտվել է ԳՐԵԿՈ-ի չորրորդ փուլի մոնիտորինգի գործընթացը՝ 12 բավարար և 6 մասնակի կատարված հանձնարարականով՝ 2023 թվականի մարտ ամսվա դրությամբ առկա 9 բավարար և 9 մասնակի կատարված գնահատման փոխարեն: Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին՝ Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական կազմակերպությանը: Կառույցին անդամակցում են Եվրոպայի խորհրդի տարածաշրջանի 41 անդամ երկրների քրեակատարողական մարմիններ, որոնք ստեղծել են լավագույն փորձի փոխանակման լայն ցանց:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն:

  • Կիսվել: