երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները ՀՀ-ում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում

Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները ՀՀ-ում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ վերջին ժամանակում հանրության շրջանում առկա է անհանգստություն օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների առնչությամբ, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Մասնավորապես, հրապարակվում են Երևան քաղաքի օդի աղտոտվածության վերաբերյալ Շվեյցարական տեխնոլոգիական IQAir ընկերության կայքի տվյալները: Հրապարակվում են նաև Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարական հրապարակներում տեղադրված սարքերի միջոցով փոշու մանր մասնիկների՝ PM2.5-ի և PM10-ի պարունակության տվյալները։
 
Խնդիրը քննարկելու նպատակով շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ քննարկում է տեղի ունեցել վարչապետի աշխատակազմի, Առողջապահության նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ։
 
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մթնոլորտայի օդի աղտոտվածության մակարդակների դասակարգմանը ըստ գործող կարգավորումների։
 
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է օդի հիմնական աղտոտիչները և դրանց առաջացման հիմնական աղբյուրները, օդի որակի մոնիթորինգի ներկա վիճակը և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններից բխող օդի որակի մոնիթորինգի համակարգի զարգացման պահանջները։
 
Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացվել է մայրաքաղաքում օդի որակի ստուգման մեթոդաբանությունը և նպատակները։
 
Հանդիպմանը քննարկվել են Առողջապահության նախարարության տրամադրած՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված՝ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների) նորմատիվների վերաբերյալ առաջարկները, ինչպես նաև հանրությանը պատճաշ և ստույգ տեղեկատվություն տրամադրելու եղանակները։

  • Կիսվել: