Մշակվում է ԱԲ գործիքների ներդրմամբ պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման նոր համակարգ
Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Էդինբուրգում մասնակցել է Մրցակցության միջազգային ցանցի (ICN) տարեկան համաժողովի շրջանակում կազմակերպված «Խթանելով բարեխիղճ մրցակցությունը պետական գնումների գործընթացում» պանելային քննարկմանը։
Քննարկմանը մասնակցել են Իսպանիայի, Չեխիայի, Կոստա Ռիկայի, Լիտվայի մրցակցային մարմինների ներկայացուցիչները։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, Գեղամ Գևորգյանը ներկայացրել է պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման հանձնաժողովի գործիքակազմն ու փորձառությունը։ Նա նշել է, որ Հայաստանի մրցակցային մարմինը ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ ներկայումս մշակում է արհեստական բանականության գործիքների ներդրման միջոցով պետական գնումներում հակամրցակցային գործելակերպի բացահայտման թվային համակարգ, որը պետական գնումների համակարգը կդարձնի ավելի թափանցիկ և արդար։
ՄՊՀ-ն Մրցակցության միջազգային ցանցին անդամակցում է 2001 թվականից: Կազմակերպությունը կոչված է խթանելու մրցակցային մարմինների համագործակցությունն ամբողջ աշխարհում: