Մինչև երկաթգծի լիարժեք վերականգնումը միջանկյալ լուծումը գործի կդրվի․ Սանոսյան
Դեռևս դժվար է ասել, թե որքան ժամանակ կպահանջվի երկաթգծի ամբողջական վերականգնման համար։ Այսօր Ալավերդու համայնքապետարանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ավելի վաղ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն հայտնել էր, որ Լոռու մարզում գետերի վարարման հետևանքով երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով:
«Ակտիվ աշխատում ենք։ Մենք ասել ենք, որ շինարարական ընկերություններով, պետական միջոցներով պատրաստ ենք աջակցել, որ օր առաջ հնարավոր լինի վերականգնել աշխատանքը»,- ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով՝ այս պահին միջանկյալ լուծում է գտնվել, որ երկաթուղին աշխատի մինչև «Այրում» կայարան։ Այնտեղից արդեն հնարավոր կլինի բեռնատարներով բեռները կամրջով տեղափոխել տարբեր տարածքներ։
«Այս պահին այս կամրջի հարակից հատվածներում կատարվում են շինարարական աշխատանքներ, և կամուրջը նախապատրաստվում է, որ բեռնատարները կարողանան անցնել»,- ասաց նախարարը։
Նա նշեց՝ հարցը քննարկվել է տարբեր մասնագետների հետ, և այս պահին այլ՝ ավելի լավ լուծում չի գտնվել։
Նա հիշեցրեց, որ երկաթգիծը վնասվել է նաև Վրաստանի տարածքում, սակայն այնտեղ պատճառված վնասը քիչ է։ Ակնկալվում է, որ 2-3 օրում Վրաստանի տարածքում խնդիրը կկարգավորվի։


