հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Մարզերում ստեղծվելու են զբոսաշրջային կոնկրետ համակարգեր. Գևորգ Պապոյան

Մարզերում ստեղծվելու են զբոսաշրջային կոնկրետ համակարգեր. Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարարությանը 2025 թվականի պետբյուջեի ծրագրում կհատկացվի 79 միլիարդ 550 միլիոն դրամ՝ նախատեսված 10 ծրագրի իրականացման համար: 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 67 միջոցառում: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

Ինչ վերաբերում է զբոսաշրջության ռազմավարությանը, նշեց՝ այս պահի դրությամբ այն դեռ չի հաստատվել: 

«Ակտիվ քննարկումների փուլում է»,- նշեց նախարարը՝ տեղեկացնելով, որ Հայաստանը Համաշխարհային բանկի հետ հնգամյա վարկային պայմանավորվածության շրջանակում նախատեսում է 100 միլիոն դոլար վարկային միջոցներ վերցնել և դրանք ՀՀ մարզերում տարածել 10 զբոսաշրջային կլաստերների վրա՝ սկսած Գորիսից մինչև Ջերմուկ, Ապարանից Գյումրի և Դիլիջան:

«Այսինքն՝ այս ամբողջ գումարները ծախսվելու են մարզերում, և ստեղծվելու են զբոսաշրջային կոնկրետ համակարգեր»,- հայտնեց Պապոյանը: 

Նախարարը բերեց Մարմաշեն վանական համալիրի օրինակը, նկատեց՝ մի քանի տարի առաջ այնտեղ հնարավոր չէր հասնել մեքենայով: Ներկայումս ասֆալտապատված է վանական համալիր տանող ճանապարհը, դրա շրջակայքում ստեղծվել է ճեմուղի, առանձնացված վայրեր են ստեղծվել մանր բիզնեսի համար: 

«Մենք փորձում ենք մեր պատմամշակութային ժառանգությունը համեմել բնության ժառանգության հետ, դա էլ՝ լավ ժամանակ անցկացնելու միջավայրի հետ: Սա է լինելու մեր ռազմավարության առանցքը, և հիմա ռազմավարությունը հարմարեցնում ենք այդ տրամաբանությանը»,- ասաց էկոնոմիկայի նախարարը: 

  • Կիսվել: