ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Լուկաշենկոն խոստացավ․ Մինսկը միշտ կանգնած կլինի Երևանի «մեջքին», ամեն ինչ կանի առևտրաշրջանառությունը ավելացնելու համար

Լուկաշենկոն խոստացավ․ Մինսկը միշտ կանգնած կլինի Երևանի «մեջքին», ամեն ինչ կանի առևտրաշրջանառությունը ավելացնելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով Բելառուսի նախագահին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, շատ ուրախ եմ հանդիպել Ձեզ Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում: Վաղը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը: Կարծում եմ՝ այն շատ կարևոր նիստ է, որովհետև հոկտեմբերից ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, իսկ վաղը մենք պատրաստվում ենք համապատասխան համաձայնագիր ստորագրել Սինգապուրի հետ: Դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միության գործընկերների շրջանակն ընդլայնվում է, և ես շատ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության շրջանում: Վստահ եմ, որ դա կբարձրացնի ԵԱՏՄ-ի գրավչությունը և ԵԱՏՄ բոլոր երկրներում բիզնեսի համար նոր հնարավորություններ կբացի:

Շատ ուրախ եմ այս հանդիպման համար, որովհետև մենք կկարողանանք քննարկել մեր հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր, որոնք գտնվում են բավական լավ մակարդակում: Իհարկե, մենք նաև մշտապես այդ մասին խոսում ենք, որ չի կարելի կանգ առնել ձեռք բերածի վրա, այլ պետք է շարունակել զարգացնել հարաբերությունները: Իհարկե, Բելառուսը մեր ռազմավարական գործընկերն է, շատ կարևոր գործընկերը, և մենք շատ արգասաբեր աշխատում ենք: Հույս ունեմ, որ այդ համագործակցությունն գնալով առավել արգասաբեր կդառնա»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր խոսքում ասել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալություն այս շատ կարևոր հանդիպման համար, որը նախորդում է մեր տնտեսական միության շրջանակում երկրների ղեկավարների վաղվա նիստին: Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ շատ արդյունավետ նախագահության համար: Ես գիտեմ, թե որքան շահագրգռված եք Դուք եղել և որքան ակտիվ եք աշխատել Սինգապուրի հետ՝ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:

Անկեղծ ասած, երբ ինձ զեկուցեցին այն մասին, որ մենք պետք է մշակենք Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտու կնքման մասին համաձայնագիր, ես ասացի՝ կենտրոնացեք Նիկոլ Փաշինյանի վրա, կենտրոնացեք Հայաստանի վրա, որովհետև մեր տնտեսությունները նման են, և չեմ կարծում, թե Հայաստանն իր համար որևէ բան վատ կանի, ինչը կվնասի, ենթադրենք, նաև մեզ: Դրա համար մենք կենտրոնացանք Ձեր մշակումների վրա, սակայն, իհարկե, նույնպես վերլուծել ենք իրավիճակը և մշտապես Ձեզ աջակցել ենք, Դուք դա չեք կարող հերքել:

Ձեր յուրաքանչյուր դիմումին մենք մշտապես աջակցել ենք, և պետք է ասեմ, որ դա առաջին դեպքն է, երբ մեկ տարվա ընթացքում Դուք կարողացաք ոչ միայն առաջ շարժվել, այլև մշակել համապատասխան համաձայնագիրը: Անկեղծ ասած, Սինգապուրը նման համաձայնագրի համար պետք է առաջին հերթին շնորհակալ լինի Հայաստանին: Սակայն պետք է ընդգծեմ, որ համաձայնագիրը բոլոր պետությունների օգտին է, հակառակ դեպքում այն ոչ ոք չէր դիտարկի: Դրա համար էլ օպտիմալ ժամանակում մշակվել է այս համաձայնագիրը:

Ես ուշադրությամբ եմ հետևում Հայաստանում առկա իրավիճակին՝ Բելառուսի նկատմամբ հարաբերությունների համատեքստում: Գիտեմ, որ հայերը բելառուսներին միշտ էլ լավ են վերաբերվել: Մենք նման ժողովուրդներ ենք, աշխատասեր, շատ տառապանքներ տեսած ժողովուրդներ: Դուք շատ եք նշում և ճիշտ եք նշում այն տառապանքների մասին, որոնք ավելի քան 100 տարի առաջ կրել եք ձեր մաշկի վրա: Մենք շատ ենք խոսում այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 75-80 տարի առաջ՝ Բելառուսում ֆաշիզմի, ցեղասպանության ժամանակ, հայերին նույնպես բաժին հասավ: Այդ պատճառով պատմությունը շատ նման է, մարդիկ շատ նման են, և մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ հարաբերությունների կառուցմամբ:

Այսօր մենք, ելնելով մեր ներուժից, ոչ մեծ ապրանքաշրջանառություն ունենք, ինչպես Դուք նշեցիք, բայց այն կարող էր ընդհանրապես չլինել: Ե՛վ ձեզ մոտ, և՛ մեզ մոտ շատերը կարծում էին՝ դե լավ, չենք համագործակցի, Երևանը կհամագործակցի շրջապատող պետությունների հետ, բայց մենք այն ժամանակ ասեցինք՝ ոչ, պետք է աստիճանաբար հարաբերություններ կառուցել: Եվ այսօր՝ արդեն Ձեր վարչապետ դառնալուց հետո, ես նայեցի տվյալները՝ 140 տոկոս ապրանքաշրջանառության աճ ունենք: Շատ լավ տեմպ է: Մենք ճանապարհներ գտանք, հատկապես երբ մտանք ԵԱՏՄ, և ես Ձեզ պետք է հավաստիացնեմ, որ այսուհետ ևս այդպես կլինի: Մենք կաջակցենք ձեզ, ձեր բիզնեսին Բելառուսում, եթե ձեզ հետաքրքիր են մեր ձեռնարկությունները, մենք կգանք Հայաստան, համատեղ ձեռնարկություններ կստեղծենք:

Ես դա ասում եմ այն առնչությամբ, Նիկոլ Վովայի, որպեսզի Դուք չմտածեք, թե մեզ մոտ Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը փոխվել է: Գիտեք՝ եթե անգամ Դուք հրաժարվեք մեզ հետ համագործակցելուց, օրինակի համար, մենք միևնույն է, կպնդենք, որ մենք լինենք շատ մտերիմ, բարեկամ պետություններ, և Դուք պետք է միշտ իմանաք, որ մենք միշտ պատրաստ ենք Հայաստանի մեջքին կանգնել":

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: