Լրատվամիջոցները անորակ ճանապարհները լուսանկարում են և տպավորություն են ստեղծում, թե դրանք մենք ընդունել ենք. Խուդաթյան
Ճանապարհների որակի հետ կապված մենք բարելավումներ ունենք, բայց շարունակում է մեզ համար խնդիր մնալ բիտումի որակը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով ճանապարհների սպասարկման խնդրին։
«Էկոնոմիկայի նախարարության և ՊԵԿ-ի գործընկերների հետ շարունակում ենք սահմանում խիստ վերահսկողություն սահմանել բիտումի հետ կապված, և պիտի ասեմ, որ միջինը 10 մեքենայից վերջին ընթացքում մեկ կամ երկուսն է հատել Հայաստանի սահմանը, մնացած ութը հետ են վերադարձվել։ Արդեն մի քանի տասնյակ այսպիսի դեպքեր ունենք, որովհետև լաբորատոր փորձարկումների տրամաբանության մեջ էլ ենք փոփոխություն իրականացրել և հիմա շատ ավելի խիստ ենք այս մասը կազմակերպում։
Բայց մի խնդրահարույց բան կա, էականորեն կկրճատվեն մրցույթային գործընթացի արդյունքում ունեցած խնայողությունները։ Եթե նախորդ տարիներին, օրինակ, միջինը 40% մրցույթի մասնակիցները ճանապարհի համար ավելի պակաս գին էին առաջարկում, քան նախագծանախահաշվային փաստաթղթերի արժեքն էր, հիմա այդ ցուցանիշը 20 տոկոս է։
Նախորդ տարվա մրցույթների թոփ հաղթողները այս տարի արդեն այլևս թոփ հաղթողներ չեն։ Կազմակերպություններ կային, որոնք նախորդ տարի իրականացրել են Հայաստանի ճանապարհաշինական աշխատանքի 30-40, նույնիսկ 50% է, այս տարի իրենց մասնակցությունը տատանվում է կայացած մրցույթների 10-ից 12%–ի շրջանակում։ Սա անորակ աշխատանքի չընդունման հետ է կապված հիմնականում»,–ասաց նա։
Վարչապետ Փաշինյանն արձագանքեց. «Այսինքն արձանագրենք, որ անորակ աշխատանքը մենք չենք ընդունում։ Որովհետև մեկ-մեկ շահարկվում է, որ ասֆալտը կա, տեղում է, նույնիսկ կարող է գծանշում արված լինի, բայց մենք անորակ աշխատանքի համար փողը չենք տալիս հիմնականում։ Իհարկե կարող են լինել առանձին դեպքեր, որ որակի հետ կապված պրոբլեմներն ավելի ուշ ենք հայտնաբերում, բայց ընդհանուր առմամբ սկզբունքը դա է»։
Խուդաթյանը շարունակեց. «Մենք նախորդ տարի մոտավորապես 30 կմ շինարարների միջոցների հաշվին դրանից առաջ կառուցված աշխատանքների քանդման աշխատանքներ և նոր կառուցման աշխատանքներ ենք իրականացրել։ 2025-ին, ցավոք սրտի, կամ բարեբախտաբար, այդ թիվը ավելի մեծ է լինելու։ Առաջիկայում ես հանձնարարել եմ քանդել մի ճանապարհ, որով մենք անցել ենք և այդ ճանապարհը նույնիսկ քաղաքացիների տպավորությամբ լավ ճանապարհ է, բայց մենք այդ ճանապարհի որակից դժգոհ ենք և ամբողջ 20 կիլոմետրանոց ճանապարհը նորից քանդել ենք տալու։
Դա ենթադրում է, որ շինարարը այդ աշխատանքի հետ կապված ունենալու է մոտ 500 միլիոն դրամի կորուստ, բայց կարծում եմ դա այն արժեքն է, որ իրենք պիտի վճարեն անորակ աշխատանք իրականացնելու համար»։
ՏԿԵ նախարարը կանխատեսեց, որ սրա հետ կապված որոշակի աղմուկ կբարձրանա, այդ թվում լրատվամիջոցներով. «Հիմա մենք հետևյալ տենդենցն ենք նկատում, որ քարոզարշավին ընդառաջ իրենք չընդունված ճանապարհները գնում լուսանկարում են և տպավորություն են ստեղծում, թե այդ ճանապարհները մենք ընդունել ենք։ Բազմաթիվ կան այդպիսի դեպքեր, որ այո, ճանապարհը կառուցվել է նախորդ տարիներին, խնդրահարույց է եղել, բայց մենք այդ ճանապարհները չենք ընդունել, դրահամար չենք վճարել, բայց հիմա այդ ճանապարհները նկարում և ներկայացնում են որպես կառուցված և քանդման պրոցեսում գտնվող աշխատանքներ։ Պիտի խնդրեմ, որ մեր հանրությունը սրան էլ պատրաստ լինի։
Այն հատվածներում, որտեղ նախորդ տարիներին ենք պատճառել անհարմարություն շինարարության հետ կապված և այս տարի քանդել կտանք, պիտի խնդրեմ, որ բնակիչները ըմբռնումով մոտենան, մինչև ամբողջությամբ կարողանանք դաշտը բերել որակի մի ստանդարտի»,– ընդգծեց նախարարը։


