Կոյուղագծերի վերակառուցման համար մայրաքաղաքի բյուջեից տրամադրված միջոցներն աննախադեպ են. Արեյանը՝ արդյունքների մասին
2020-2022 թվականներին մայրաքաղաքում 13 կմ կոյուղագիծ է վերակառուցվել: Միայն 2024 թվականին այդ ծավալը կազմել է 15 կմ, 2020-2024 թվականներին՝ 43 կմ: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Քաղաքի բյուջեից տրամադրված միջոցներն ուղղակի աննախադեպ են եղել. այն կազմել է 2,8 մլրդ դրամ, երբևէ այսպիսի ներդրում համայնքի բյուջեն չի ունեցել քաղաքի բնակիչների կենսապահովման, հատկապես ջրամատակարարման, ջրահեռացման ցանցի համար:
Ակնհայտ է, որ ծավալները մեծ են, այն իրագործվելու է գոյություն ունեցող քաղաքաշինական միջավայրում բավականին սեղմ ժամկետներում: Ե՛վ բնակիչները, և՛ քաղաքապետարանի կառույցները, և՛ ներդրողները, մատակարարները, ընկերությունները ունեն լրջագույն անելիք: Այսպիսի ծավալ բնեղեն առումով մենք չենք ունեցել երբևէ, և այսպիսի կարճ ժամկետում նման ծրագրային ծավալների ներառումը լուրջ վարչական, վերահսկողական աշխատանք է»,- ասաց Արեյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաստատեց՝ 2025-ին կենսապահովման ոլորտում ծրագրված աշխատանքները մեծածավալ են: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ջրամատակարարման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման ոլորտներում, կոյուղագծերի հիմնանորոգման առումով ծրագրված են ահռելի ծավալի աշխատանքներ:
«Այս ծավալի աշխատանքները բերում են իրենց հետ մեծ խնդիրներ մայրաքաղաքում: Տարբեր հատվածներում իրականացվող աշխատանքները ստեղծում են խցանումներ, բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչի համար են արվում այս աշխատանքները»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ վերահսկողության մասով մեծ է վարչական շրջանների դերը: