Կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձն անհրաժեշտ է ներդնել 8 մարզում և Երևանում. ՏԿԵ փոխնախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Թեա Մելիքաձեին, երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալքացիին և երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուդիկ Թադևոսյանին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և երախտագիտություն հայտնել 14,8 մլն եվրո արժողությամբ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի իրականացման համար, որի մեկնարկը տրվեց հուլիսի 8-ին։
Ջորջ Ախալքացին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, շնորհավորել Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների կառուցապատման աշխատանքների ավարտի կապակցությամբ՝ կարևորելով ՏԿԵ նախարարության հետ սերտ գործընկերային կապերը։
Անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրը։ Նախարարի տեղակալը ընդգծել է, որ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության 8 մարզում և Երևան քաղաքում՝ նշելով, որ հայկական կողմը ակնկալում է ՎԶԵԲ աջակցությունը ուսումնասիրությունների իրականացման և միասնական տեսլական ձևավորելու հարցում։
Հանդիպման ավարտին քննարկվել են կողմերի համագործակցությամբ պլանավորվող նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։