Կոնյակի գործարանները բողոքում են Վրաստանի անցակետում ստեղծված վիճակից. Բողոքի ակցիա Վրաստանի դեսպանատան դիմաց (ուղիղ)
Կոնյակագործներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց` պահանջելով վերջ դնել հայ արտահանողների մեքենաներն առանց պատճառի օրերով սահմանին պահելուն:
«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարբեր գործարաններից արտահանվող բեռները պահվում են Վրաստանի Գեզի անցակետում՝ փորձաքննություն իրականացնելու պատրվակով։ Բոլորս գիտենք, որ Վրաստանը տարանցիկ երկիր է հանդիսանում, այստեղ փորձաքննություն իրականացնելու որևէ խնդիր չենք տեսնում»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Պռոշյանի» կոնյակի գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանը։
Նա նշեց, թե բողոքի ակցիայի միջոցով փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել հնարավոր բոլոր ճանապարհներով, որպեսզի խնդիրը լուծվի։
«Պահանջում ենք, որպեսզի պարզաբանում ներկայացնեն, թե ինչի հիման վրա են մեր մեքենաները պահվում այնտեղ։ Ոչ մի պարզաբանում չկա, թե ինչքան են մնալու մեքենաներն այնտեղ։ Սա ոչ միայն մեր գործարանի խնդիրն է, այլ՝ բոլոր գործարանների։ Ասում են, թե կան գործարաններ, որոնց մեքենաները չեն պահվում անցակետում, նաև այդ հարցի պատասխանն ենք ակնկալում ստանալ, թե ինչի հիման վրա են այդպես վարվում»,– ընդգծեց նա։