հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման բացը հնարավոր չէ հաղթահարել միայն պետական միջոցներով. Համբարձում Մաթևոսյանը՝ Լոնդոնում

Կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման բացը հնարավոր չէ հաղթահարել միայն պետական միջոցներով. Համբարձում Մաթևոսյանը՝ Լոնդոնում

Նախարար Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քառակողմ հանդիպում է ունեցել Bezos Earth Fund-ի բնապահպանական լուծումների ծրագրի ղեկավար և գործադիր տնօրեն Քրիստիան Սամպերի, Re:wild կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն Ուես Սեկրեստի և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմաքերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են COP17-ի նախագահության առաջնահերթությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կենսաբազմազանության պահպանության համար ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիային, մասնավոր և բարեգործական ներդրումների խթանմանը, ինչպես նաև Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացման ընթացքին։
 
Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները՝ պահպանվող տարածքների ընդլայնման, կենսաբազմազանության պահպանության արդյունավետության բարձրացման և վտանգված տեսակների պահպանության ուղղությամբ։
 
Նախարարն անդրադարձ է կատարել նաև COP17-ի շրջանակում ձևավորվող առանցքային նախաձեռնություններին։
 
Նա ընդգծել է, որ կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման բացը հնարավոր չէ հաղթահարել միայն պետական միջոցներով․ անհրաժեշտ է համատեղել կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և բարեգործական հիմնադրամների ջանքերը։
 
COP17-ը կարևոր հնարավորություն է՝ ապացուցելու, որ հավակնոտ նպատակներն ու հաշվետվողականությունը կարող են համատեղվել կենսաբազմազանության գլոբալ կառավարման շրջանակում։
 
Հայաստանը պատրաստ է իր նախագահության ընթացքում նպաստել այդ օրակարգի առաջմղմանը՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ։

  • Կիսվել: