երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Կարիք կա մեր քաղաքացիների աշխատանքի իրավունքը պատճաշ ապահովելու նպատակով որոշակի ճշգրտումներ անել նախկինում ընդունված օրենքներում. Թորոսյան

Կարիք կա մեր քաղաքացիների աշխատանքի իրավունքը պատճաշ ապահովելու նպատակով որոշակի ճշգրտումներ անել նախկինում ընդունված օրենքներում. Թորոսյան

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում):

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց՝ Կառավարությունը ներկայացրել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24-ժամվա ընթացքում:
 
Որոշման նախագիծը ներկայացնելիս հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ասաց՝ նախագծի քննարկումը արտահերթ նիստում քննարկելու հրատապությունը պայմանավորված է նրանով, որ կարիք կա մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների աշխատանքի իրավունքը պատճաշ ապահովելու նպատակով որոշակի ճշգրտումներ անել նախկինում ընդունված օրենքներում և մեկնարկած բարեփոխումներում:
 
Թորոսյանը տեղեկացրեց, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքով ներդրվել է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ, որով սահմանվել է, որ 2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումն իրականացվելու են բացառապես թվային համակարգով, ինչպես նաև որոշվել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը ժամանակ է տրվելու գործող աշխատանքային պայմանագրերի թվայնացման համար: 
 
«Այս փոփոխությունները համահունչ են եղել Կառավարության թվայնացման քաղաքականությանը, և ըստ էության, ուժի մեջ են մտել, և թվային համակարգերն աշխատում են, այսինքն՝ հենց հիմա էլ այդ գործողությունները տեղի են ունենում թվային, էլեկտրոնային եղանակով: Աշխատակիցները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրեր կնքելով միայն այդպես»,- տեղեկացրեց նախարարը: 
 
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների ծագման անխափան ընթացքն ապահովելու նպատակով:
 
Նախագծի նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների ծագման անխափան ընթացքը, աշխատողների աշխատանքային իրավունքների իրացումը՝ հաշվի առնելով այն, որ դեռևս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր:
 
Մասնավորապես, առաջարկվում է աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը 2027 թվականի հունվարի 1-ից իրականացնել բացառապես թվային համակարգով:
 
Բացի այդ, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող անձի հետ (որը փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում), այդ թվում՝ 2027 թվականի հունվարի 1-ից հետո, աշխատանքային պայմանագիրը կնքվի թղթային եղանակով (այդ թվում՝ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով)՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում չգտնվող անձինք չեն կարող ստանալ էլեկտրոնային թվային ստորագրություն:
 
«Միևնույն ժամանակ, կարևոր է նաև փոխկապակցել այս բարեփոխումը մեկ այլ բարեփոխման հետ, որը պակաս կարևոր չէ: Դա նոր տեսակի միջազգային չափանիշներին համապատասխանող նույնականացման քարտերի համակարգի ներդրումն է, որն արդեն մտել է վերջնական փուլ, և մենք այս տարեվերջից կունենանք նոր տեսակի նույնականացման քարտեր»,- ասաց Թորոսյանը:

ԱԺ ներկայացված նախագծով առաջարկը, ըստ նրա, հետևյալն է՝ հետաձգենք 1 տարով, այսինքն՝ պարտադիրը ուժի մեջ մտնի 2027-ի հունվարի 1-ից, բայց ուժի մեջ դնելու պարտադիր կոմպոնենտը մտնի 2028-ի հուլիսի 1-ից, որպեսզի նույնականացման քարտեր ստանալու համար հերթեր ու խոչընդոտներ չլինեն: 

Կարգավորումներ են նախատեսվում նաև ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի մասով: 

  • Կիսվել: