Կառավարությունը հարկային արտոնություն տվեց «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» ընկերությանը
Կառավարությունն այսօրվա նիստում հարկային արտոնություն տվեց «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» փակ բաժնետիրական ընկերությանը, որը գործում է Սյունիքի մարզում 2015-ից:
Մասնավորապես, գործադիրը բավարարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնության վերաբերյալ այդ ընկերության հայտը:
Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:
Նա տեղեկացրեց, որ 2018-ին ընկերությունն արտադրել է 13,7 մլրդ դրամի էլեկտրաէներգիա, իսկ ներդրումային ծրագրի ավարտից հետո նախատեսվում է արտադրել տարեկան շուրջ 15,3 մլրդ դրամի էլեկտրաէներգիա:
Փոխնախարարը նշեց, որ սարքավորումները ներմուծվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար. «Նախատեսվում է իրականացնել 27,5 մլրդ դրամի չափով ներդրում, որից 10,9 մլրդ դրամն արդեն իսկ իրականացվել է: Մնացած մասը կիրականացվի սարքավորումների ձեռքբերման, տեղադրման աշխատանքների համար: Այժմ կազմակերպությունում առկա է 151 աշխատատեղ՝ 413 հազար դրամ միջին աշխատավարձով»: