ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կառավարությունը 2018 թվականից ի վեր 233 մլրդ 800 մլն դրամ է հատկացրել թոշակների ավելացմանը

Կառավարությունը 2018 թվականից ի վեր 233 մլրդ 800 մլն դրամ է հատկացրել թոշակների ավելացմանը

Հայաստանի կառավարությունը 2018 թվականից ի վեր կենսաթոշակների ավելացմանն է հատկացրել 233 մլրդ 800 մլն դրամ:  

Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024 թ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: 

«2018 թվականից ի վեր 233 մլրդ 800 մլն դրամ հատկացրել ենք թոշակների ավելացմանը: 2018 թվականից ի վեր ավելի քան կրկնապատկել ենք նվազագույն թոշակը, 5 անգամ կենսաթոշակները բարձրացնելու որոշում ենք կայացրել: Միջին կենսաթոշակի չափը ավելացել է 22.3 տոկոսով»,-ասաց Փաշինյանը՝ միևնույն ժամանակ այս ցուցանիշը բավարար չհամարելով: 

Նա նկատեց՝ հարց է ծագում՝ 233 մլրդ են հատկացրել, սակայն կենսաթոշակը միջինում աճել է ընդամենը 22.3 տոկոսով: 

«Բայց պետք է հաշվի առնել, որ վերը նշված գումարը բաշխվել է անընդհատ ավելացող թոշակառուների միջև: Իսկ 2018 թվականից մինչև այս պահը մեր սիրելի թոշակառուների թիվն ավելացել է 125 հազարով: Սա ընդգծում եմ՝ ցույց տալու համար, որ կենսաթոշակային հիմնադրամը հավելել ենք ահռելի ծավալով, բայց ահռելի ծավալով մեծացել է նաև կենսաթոշակառուների թիվը, որոնց միջև բաշխվել է նշված գումարը, որն անհատի մակարդակով երբեմն այնքան էլ շոշափելի չէ, որքան համախառն հիմնադրամի մակարդակում»,-ասաց վարչապետը: 

Նա հիշեցրեց թոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգի մասին, որով շուրջ 290 հազար կենսաթոշակառու հետ է ստացել շուրջ 19.9 մլրդ դրամ, որից 18 մլրդ դրամը՝ ՀՀ պետական բյուջեից: 

 

  • Կիսվել: