Ինչո՞ւ ենք այսքան զգույշ. Ի՞նչ եղավ հեղափոխական իշխանությանը. Արդյոք կորցրել ենք թալանը հետ բերելու մեր դուխը. Փաշինյան
Ստեղծվել է ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, Դատախազության կողմից՝ համայնքային շահերի պաշտպանության համակարգ: Այս մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2024 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին հիմնական զեկույցի քննարկմանը հայտարարեց վարչապետը՝ խոսելով կատարված աշխատանքների մասին:
Վարչապետը նշեց՝ այս համակարգերն այլևս ՀՀ իրավակարգի անբաժանելի մաս են՝ որպես ինստիտուտ, որը գողացված գույքերի վերադարձի գործընթացը դուրս է դնում էմոցիաների և քաղաքական նպատակահարմարության դաշտից: Ընդգծեց՝ կառավարող մեծամասնությունը ոչ թե իր ձեռքն է վերցրել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, այլ պետության և ժողովրդի համար ստեղծել է համակարգ, որը գործելու է ընդմիշտ:
«Իսկ մի՞թե թալանվածն այս ընթացքում ցաքուցրիվ չի լինում, ցաքուցրիվ չեն անում: Ո՛չ, որովհետև ավելի քան 1,7 միլիարդ դոլարի առերևույթ ապօրինի ձեռք բերված գույք այս պահին գտնվում է կալանքի տակ, և դա հնարավոր չէ օտարել: Իսկ այն մասը, որը նույնիսկ այս պահին կալանքի տակ էլ չէ, էներգիայի պահպանման օրենքի տրամաբանությամբ, եթե գումար է, պետք է դառնա գույք, եթե գույք է, պետք է դառնա գումար կամ բաժնեմաս: Եվ հենց դրա համար է ստեղծվել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, որ այդ գույքերը տեղորոշի, գտնի, ապացուցի ու վերադարձնի պետությանն ու ժողովրդին, եթե նույնիսկ դա ձևակերպված է այլ՝ դրածո անձանց անունով, եթե նույնիսկ դա թաքցնելու տարբեր մանիպուլյատիվ սխեմաներ են գործարկվում։
Բայց, մի րոպե. ինչո՞ւ ենք այսքան զգույշ, ի՞նչ եղավ հեղափոխական իշխանությանը։
Մենք արդյոք կորցրե՞լ ենք մեր դուխը, թալանչիների իրավունքների համա՞ր ենք հոգ տանում, թե՞ վախենում ենք նրանցից։ Ոչ, ամենևին։ Մենք հոգ ենք տանում մեր պետության ու մեր ժողովրդի մասին, որովհետև ամենաթողություն, վենդետա հիշեցնող որևէ գործողություն այնպիսի վնաս կհասցնի մեր պետության միջազգային կերպարին ու հեղինակությանը, տնտեսությանն ու ներդրումային միջավայրին, որ նույնիսկ տասնյակ միլիարդավոր դոլարներով հնարավոր չի լինի այդ վնասը վերականգնել։
Այնքան կմեծացնի նման գործողությունը և տրամաբանությունը արտաքին անվտանգության մեր առանց այն էլ առկա խոցելիությունները, որ նման ճանապարհով գնալը կնշանակեր գործել ընդդեմ պետական շահի։
Մենք չենք գնում այդ ճանապարհով և իրականացնում ենք հեղափոխության ժամանակ մեր տված՝ վենդետա չիրականացնելու, օրենքի և իրավունքի գերակայություն հաստատելու, Հայաստանը օրենքի և օրինականության երկիր դարձնելու և թալանվածը վերադարձնելու մեր խոստումները:
Մենք պաշտպանում ենք մեր ժողովրդի իրավունքը, որ թացը չորի հետ չխառնվի, որ որևէ անմեղ մարդ բանտում չհայտնվի, որ արդարություն ու արդարադատություն լինի երկրում, և ոչ թե վրեժ կամ հաշվեհարդար նաև այն պատճառով, որ մեր ժողովուրդը չի սիրել և չի սիրում բռնություն:
Մեր ժողովուրդը չի սիրել և չի սիրում ամենաթողություն: Մեր ժողովուրդը չի սիրել և չի սիրում անարդարություն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: