Իշխանությունը 150 դրամը օրինականացնելով, փաստացի չեղարկեց իր փաթեթները. Իզաբել Աբգարյան
Մեր նախագիծը հիմա նաև փրկողակ է Երևանի բյուջեի համար, որպեսզի այն գումարները, որոնք քաղաքացիները կամ թողնում են ավտոբուսում կամ պարզապես չեն վճարում, կրկին շարունակեն մուտք գործել բյուջե: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը՝ անդրադառնալով նրան, որ իրենց խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում են պահպանել մեկ ուղևորության համար 100 դրամ սակագինը:
«Կարծես փորձում են թաքցնել ավտոբուսներում իրականացվող բոյկոտը: Չի կարելի այդ իրողությունից հավերժ խուսափել: Ով չի հավատում, կարող է ինձ հետ միասին ամեն օր ավտոբուսով տեղափոխվեն և կտեսնեն, որ կա այդ բոյկոտը իրականում»,-ասաց նա:
Հարցին՝ քանի՞ տոկոսն է միացել բոյկոտին ու չի վճարում, Աբգարյանը պատասխանեց. «Երբ շատ ուղևոր է լինում, երեկոյան ժամերին, ես ինքս տեսնում եմ, որ մարդիկ մեջտեղի դռից են նստում և ոչ ոչ մեկը չի վճարում: Երբ ավտոբուսում քիչ մարդ է լինում, որոշ մարդիկ ամոթից վճարում են բանկային քարտով, 90%-ը թղթի QR են անցկացնում:
Մեր ժողովուրդը, այն ժողովուրդն է, որ գլխի վերևով 100 դրամը փոխանցում էր վարորդին: Մեզ բնորոշ չի եղել երբեք մասսայաբար չվճարելը, մենք ուզում ենք վճարենք, բայց ուզում ենք վճարել ճիշտ այնքան, որքան խելամիտ է: Իսկ այն փաթեթները, որոնք այսօր ներկայացված են, փաստորեն իշխանությունը 150 դրամը օրինականացնելով, ինքը իսկ չեղարկեց իր փաթեթները, որովհետև տեսնում ենք այլևս որևէ մեկը փաթեթով չի ուզում օգտվել: Այնինչ Երևանի տրանսպորտային ռեֆորմի կարևորագույն բաղադրիչը հենց լավ մշակված փաթեթներ ունենալն է»,- ընդգծեց Իզաբելա Աբգարյանը: