Ինը ամսվա 6% աճը արդեն բոլոր կանխատեսումներից բարձր է և ակնհայտ է, որ դա չի նվազի․ Փաշինյան
Այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով մենք ունենք 6 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ և՛ միջազգային կառույցները, և՛ Հայաստանում մասնագիտացված կառույցները շատ ավելի ցածր տնտեսական աճ էին կանխատեսում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Բոլոր ուղղություններով մենք աճ ունենք, միայն արդյունաբերությունում մի փոքր՝ մեկ տոկոսի կարգի նվազում ունենք, բայց տարեսկզբին շատ ավելի մեծ էր այդ նվազումը, և հիմա գնալով մենք այդ տարբերությունը փոքրացնում ենք, որը հիմնականում պայմանավորված էր 2024 թվականին մեծ, շատ-շատ մեծ ծավալով ոսկու վերամշակման գործընթացով»,–ասաց նա։
Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինը ամսվա 6% աճը արդեն բոլոր կանխատեսումներից բարձր է և ակնհայտ է, որ դա չի նվազի, և մեծ հավանականություն կա, որ կաճի։ Ի վերջո, կայուն, մեր պոտենցիալին մոտիկ աճի ուղեծիրը մեզ համար պետք է լինի նպատակային, որովհետև, երբ որ մեր պոտենցիալից ավել աճ ենք ունենում, դա շատ հաճախ գնաճային երևույթների է հանգեցնում, ինչը երբեք ցանկալի չէ։
Մեր տնտեսական աճի պոտենցիալն էլ է ավելացել, և այլևս ապացուցողական տնտեսական աճ մեզ պետք չի, մեզ պետք է ուղղակի կայուն, առօրյա տնտեսական աճ։ Դա պետք է դառնա մեր կյանքի մի սովորական, անբաժանելի մաս, որ գա մի պահ, որ սկի առանձնապես կառավարության նիստում չանդրադառնանք էլ դրան»։
Գևորգ Պապոյանն էլ հավելեց. «Այսօրվա անորոշությունների պայմաններում 6% տնտեսական աճը աշխարհում համարվում է բարձր և լավ ցուցանիշ։ Երբ որ մենք նայում ենք նաև ցուցանիշները տարբեր երկրների, դա լավագույնների մեջ է և աշխարհի միջին աճից շատ ավելի բարձր աճ է»։


