Ինչքան երկիրը զարգացած է, այնքան ընտանիքի մոդելը պակաս է հենված բռնության կուլտուրայի կամ բնության ենթամշակույթի վրա. Փաշինյան
Մեզանում երբեմն չձևակերպվող, բայց հաճախ շատ ձևակերպվող ընկալում կա, թե զարգացած երկրներում ընտանեկան արժեքներ չկան, ընտանեկան արժեքները մեզ մոտ են, այնտեղ այլասերված արժեքներ են: Ես նորություն ունեմ մեզ համար, սիրելի՛ ժողովուրդ: Այդպես չէ: Բացարձակապես այդպես չէ, այնքան այդպես չէ, որ կարելի է զարմանալ: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 29-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուրիշ խնդիր կա, որ ինչքան երկիրը զարգացած է, այնքան ընտանիքի մոդելը պակաս է հենված բռնության կուլտուրայի կամ բնության ենթամշակույթի վրա: Պարզվում է՝ ինչքան զարգացած է երկիրը, այնքան ընտանիքի յուրաքանչյուր անդամը, պատկերացրեք՝ ընդհուպ երեխաները, ունեն րրավունքներ, և սա զարգացածության չափանիշ է:
Ուզում եմ՝ մեր պատկերացումներն էլ մեր ավանդույթների և նահապետականության մասին ճշգրտենք: Ենթադրենք՝ այն, որ նահապետականությամբ մի երդիկով մի տանիքի տակ 4-5 ընտանիք են ապրել, դա ոչ թե նրանից է, որ այդպես լավ է, այլ աղքատության արտահայտություն է: Մենք դա էլ ուզում ենք սրբագործել:
Հարգելինե՛րս, որևէ պարագայում հարմար չէ, որ երկու ընտանիք նույն սենյակում կամ նույն տանն իրար հետ ապրեն: Հասկանո՞ւմ եք: Հազար ու մի հարց կա: Հարմար չէ ուղղակի, և դա դարձնեք, որ սա մեր նահապետական արժեքն է, որ տատը, պապը, երեխեն, թոռը, 4 երեխաները իրենց կանանց ու ամուսինների հետ նույն տանիքի տակ են ապրել, և սա մեր ավանդո՞ւյթն է:
Աղքատությունից է այդպես եղել: Տուն չեն ունեցել այդ մարդիկ, ժամանակ է եղել, որ կովերն էլ են նույն սենյակի մեջ ապրել, բայց դա չի նշանակում, որ դա մեր ավանդույթն է»,- ասաց Փաշինյանը և կարևորեց այս թեման բարձրաձայնելը:
Ըստ վարչապետի՝ լավ է, որ երկիրը զարգանում է այն տրամաբանությամբ, որ կանայք ևս սկսել են աշխատել և ձեռք են բերում տուն, ու ընտանիքներն առանձին են ապրում:
«Հասուն մարդն ինչո՞ւ պետք է իր ծնողի հետ ապրի, կարո՞ղ եք բացատրել: Կամ ինչո՞ւ չի կարող... Լա՛վ, ուզում է ապրել, դա ընտրության հարց է, ոչ ոք չի կարող ասել՝ այսպե՛ս արա կամ այնպե՛ս արա, բայց ասել, որ սա ավանդույթ չէ, դա ճիշտ բան չէ: Մարդկանց պետք է թողել ազատ իրենց ընտրությամբ: Ով ինչպես ուզում է՝ թող ապրի»,- ասաց նա և հավելեց, որ կարծիքը, թե առանձին ապրելը մեր ավանդույթներից մեզ հեռացնում է, ընդհակառակն է, դա ավելի է ամրացնում: