կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ՀԾԿՀ նախագահը հերքեց էկոնոմիկայի նախարարի` ՀԷՑ–ի վերաբերյալ հայտարարությունը

ՀԾԿՀ նախագահը հերքեց էկոնոմիկայի նախարարի` ՀԷՑ–ի վերաբերյալ հայտարարությունը

Մեթոդաբանությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը` անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությանը։
Նախարարը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ ՀԷՑ–ը ինչ–ինչ ձևերով կողոպտում է հայ ժողովրդին, մասնավորապես քաղաքացիների հոսանքի սակագնի մեջ մտնում են նաև ՀԷՑ-ի վերցրած վարկերը։ ՀԷՑ–ը ընդդեմ Պապոյանի դատական հայց է ներկայացրել` պարտավորեցնելով նրան հրապարակային հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները։ Հերքումից բացի հայցվորը պահանջում է փոխհատուցում՝ 6 մլն դրամի չափով։
 
«Պարոն Պապոյանը բացի նախարար լինելուց, նաև քաղաքական գործիչ է, և ինքը երևույթին միգուցե տվել է նաև քաղաքական գնահատական այն իմաստով, որ ՀԷՑ–ը կրիտիկական ենթակառուցվածք է, որտեղ անթույլատրելի է, որ ամենաթողություն լինի և հատկապես ֆինանսների միգրացիա տեղի ունենա։ Այս առումով համաձայն եմ պարոն Պապոյանի հետ, սակայն վարկերի տոկոսները, մեր հաստատած մեթոդաբանությամբ, չեն մտնում սակագնի մեջ»,– ընդգծեց ՀԾԿՀ նախագահը։
Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
 

  • Կիսվել: