շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
 «Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է». «Փաստ»

«Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այս պահի դրությամբ, այսինքն՝ անցած մոտ չորս ամսվա ընթացքում մոտ 33 հազար քաղաքացի է եկամուտների հայտարարագիր ներկայացրել, մինչդեռ հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում՝ մինչև նոյեմբերի 1-ը, ըստ պաշտոնական տվյալների, հայտարարագիր պետք է ներկայացներ մոտ 800 հազար քաղաքացի:

Ճիշտ է, հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետին դեռ վեց ամիս կա, բայց չորս ամսվա տվյալներն ինքնին ցույց են տալիս, որ քաղաքացիները շարունակում են բոյկոտել այս գործընթացի իրականացումը: Առավել ևս, ակնհայտ է, որ նշյալ 33 հազարի մեծ մասն ակնհայտորեն պետական պաշտոնյաներ են, որոնք միշտ էլ ներկայացրել են հայտարարագիր:

Հայտարարագրման գործընթացի դեմ արշավն ի սկզբանե կազմակերպվեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության կողմից: Նախաձեռնության անդամները, ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, անցնող ամիսների ընթացքում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ ներկայացրեցին կառավարության այս խնդրահարույց նախաձեռնության բոլոր խութերը: Այժմ մարզային հանդիպումների առումով նախաձեռնությունը ժամանակավոր դադար է վերցնում: Սարգսյանի խոսքով՝ հաջողվել է ողջ հասարակությանն իրազեկել: «Ժամանակավոր դադար կվերցնենք մինչև սեպտեմբեր կամ հոկտեմբեր: Մարդիկ վստահ են, որ գործընթացը հետաձգված է, ուշադրությունը որոշակի նվազել է: Նրանք նաև հաղթանակի բերկրանքն են վայելում։ Կսպասենք, երբ ժամկետը մոտենա, նորից կուժեղացնենք ճնշումը կառավարության վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է նախաձեռնության ղեկավարը:

Իսկ ինչի՞ մասին է վկայում չորս ամսվա ընթացքում հայտարարագիր ներկայացրած անձանց այսքան փոքր թիվը: «Թվերը խոսում են այն մասին, որ, փաստորեն, «Դեմ եմ հայտարարագրմանը» ակցիան ստացվել է: Մարդիկ չեն վստահում կառավարությանը, ուշ են հայտարարագրում իրականացնում կամ առհասարակ հայտարարագիր չեն ներկայացնում: Վկայում են նաև այն մասին, որ, այո՛, հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է: Հասնելու ենք վերջնական արդյունքի ու հաղթանակի»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: