Հայաստանը վիզային ռեժիմը հանել է Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Օմանի քաղաքացիների համար
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 22–ի նիստում որոշեց Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև ԱՄՆ, ԵՄ երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, ԱՄԷ–ի, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ է սահմանված նախագծով նախատեսվող երկրներից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի Պետության և Քուվեյթի Պետության քաղաքացիների համար, սակայն Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի ակտիվացման ու տուրիզմի խթանման ռազմավարական նպատակները հաշվի առնելով՝ նպատակահարմար ենք գտնում Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանել նաև Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համար:
Վերոհիշյալ պետությունները ունեն զարգացած տնտեսություն՝ բարձր եկամուտ ունեցող բնակչությամբ։ Իրենց տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները ևս ունեն տնտեսական ակտիվություն, բիզնես շահեր և ֆինանսական կարողություններ։ Տվյալ համատեքստում մուտքի վիզայի ռեժիմի ազատականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետության ներդրումային գրավչության բարձրացմանը՝ այս խմբից ավելի շատ ներդրողների, գործարարների և գործնական այցերի խրախուսմամբ։ Բացի այդ, նախագծով նախատեսվող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի ազատականացումը կարող է խթանել զբոսաշրջային հոսքերի ավելացումը, ինչն իր հերթին կհանդիսանա լրացուցիչ խթան տեղական տնտեսության համար՝ հատկապես զբոսաշրջային, հյուրանոցային, սպասարկման և ռեստորանային ոլորտներում։
Որոշման ընդունումը թույլ կտա Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից, իսկ ԱՄՆ–ի, ԵՄ երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվանից 6 ամիս վավերականությամբ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ մոնիտորինգ իրականացնելու նպատակով:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ասաց, թե այս նախագծի ընդունումից հետո ակնկալում են էական զբոսաշրջային հոսքերի ավելացում։ «Գործարար միջավայրն էլ է ողջունում սա»,- նշեց նա։