հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Հայաստանում է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահը

Հայաստանում է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հրավերով Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի (UNCCD) կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիին: Այս մասին տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
 
Պարոն Դոնվահին երկրորդ անգամ է Հայաստանում: Հիշեցնենք, որ 2023 թվականին Երևանում տեղի է ունեցել Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը:
 
Հիշեցնենք, որ նախարար Հակոբ Սիմիդյանը և Ալիան Ռիչարդ Դոնվահին երկկողմ հանդիպում են ունեցել նաև ԱՄԷ-ում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի (COP28) շրջանակում:
 
Ողջունելով գործընկերներին, նախարարն փաստել է, որ կողմերի միջև առկա են արդյունավետ և ամուր գործընկերային հարաբերություններ:
 
Քննարկվել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու պայմանավորվածությունը, և որոշում է կայացվել այդ ուղղությամբ առավել գործուն քայլեր ձեռնարկել:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել սերտ համագործակցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին և Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիաների շրջանակում:
 
Նախարարը գործընկերներին է ներկայացրել կլիմայական օրակարգում անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերը՝ անդրադառնալով անտառտնկման և անտառային տարածքների ավելացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման հարցերին։
 
Անդրադարձ է կատարվել անտառտնկման ոլորտի թվայնացմանը և այդ ոլորտում փորձի փոխանակմանը:
 
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, փոխայցերը կոնվենցիայի շրջանակում և դիտարկել նոր ծրագրերի ու միջոցառումների կյանքի կոչման հնարավորությունները։

  • Կիսվել: