Հայաստանում անշարժ գույքի գները աճել են 20%-ով․ Մարտին Գալստյան
Այժմ Հայաստանում ակտիվների բոլոր տեսակների գներն աճում են, այդ թվում՝ անշարժ գույքը թանկացել է 20%-ով։ Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանում պահանջարկի ու առաջարկի մեծ բում է նկատվում։ Նա պարզաբանել է, որ ռիսկերը, որոնց պատճառով Կենտրոնական բանկը 0.25%-ով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, պայմանավորված են հենց առաջարկի գործոնի աճով։ «Դեռ հունիսին ու հուլիսին ասում էինք, որ գնաճը կապված է առաջարկի հետ։ Հիմա տեսնում ենք, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններով, մասնավորապես՝ արտերկրից ժամանած քաղաքացիների նոր ալիքի հաշվին, ծառայությունների ոլորտում և առաջարկին առնչվող այլ ճյուղերում գներն արագ տեմպերով վերստին աճում են»,- նշել է Գալստյանը։
Նրա խոսքով՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կնվազեցվի միայն այն դեպքում, եթե տնտեսական աճը դանդաղի։ «Իսկ երկարատև աճին հաջորդող խնդիրներն անխուսափելի են»,- եզրափակել է նա։



