Հայաստանից դեպի ՌԴ միգրացիոն հոսքերի նվազում է նկատվում
Ռուսաստանում կատարվել են օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք իրենց ազդեցությունը կունենան միգրացիոն հոսքերի վրա։ Փոփոխությունները վերաբերում են ինչպես միգրանտների ֆինանսական շարժերին, այնպես էլ օտարերկրացիներին աշխատանքի շուկայում ներգրավելու քվոտային։ Այդ փոփոխություններն առնչվում են բոլոր միգրանտներին, այդ թվում՝ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին։
Հրավիրված ասուլիսում Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ նախ միգրանտները պետք է ուշադրություն դարձնեն իրենց գրանցված աշխատավարձի չափին ու Հայաստան ուղարկվող դրամական միջոցներին։
«Ինչպես գիտենք, շատ դեպքերում գործատուն աշխատանքային պայմանագրում նշում է աշխատավարձի չափի փոքր թիվ, գործնականում վճարում է ավելի բարձր։ Միգրանտները իրենց վաստակած, կուտակած գումարն ուղարկում են հայրենիք հարազատներին, ընտանիքի անդամներին։ Եթե ՌԴ իրավապահ մարմինները ստացած աշխատավարձի ու ուղարկվող գումարի չափի մեջ անհամապատասխանություն տեսան ու կասկածելի որևէ բան եղավ, ապա անպայման կարող են միջամտել։ Անձը պետք է հիմնավորի այդ գումարների ծագումը, այլապես կարող է հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում ու արտաքսվել»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը։
Լինում են դեպքեր, երբ անձը, օրինակ, իր աշխատանքային խմբի ամբողջ գումարը մեկ ձեռքից փոխանցում է աշխատողների ընտանիքներին, այդ դեպքում նույնպես խնդիր կարող է առաջանալ։ Կրկին գումարի ծագումը պետք է հիմնավորվի, հակառակ պարագայում կհայտնվեն վերահսկվող անձանց ռեեստրում։ Տաթևիկ Բեժանյանը հորդորում է միգրանտ աշխատողներին իրենց գործատուներից պահանջել, որ ամբողջ աշխատավարձն արտացոլվի պայմանագրերում։
Մարտի 1-ից սկսած՝ ՌԴ դաշային անվտանգության ծառայությունը կարող է դիմել կապի օպերատորին ու արգելափակել միգրանտի հասանելիությունը հեռախոսին։
«Այն խոսակցությունը կամ հաղորդագրությունը, որը ՌԴ դաշնային անվտանգության ծառայությունը համարի անվտանգության սպառնալիք, կարող է միջամտել ու արգելափակել հեռախոսային հասանելիությունը։ Անգամ փոքրիկ համակրանքը Ուկրաինայի նկատմամբ կարող է դրա հիմք հանդիսանալ։ Այնպես որ, հորդորում եմ մեր քաղաքացիներին լինել ավելի զգույշ»,-ասաց Տաթևիկ Բեժանյանն՝ ավելացնելով, որ անգամ եթե թյուրիմացաբար է տեղի ունեցել, միևնույն է՝ խնդիր կլինի հատկապես Մոսկվայի մարզում։ Մոսկվայում միգրացիոն հաշվառման համար անհրաժեշտ է ունենալ բջջային հավելված, իսկ դա պարբերաբար չթարմացնելու դեպքում քաղաքացին կարող է հայտնվել ռեեստրում։
Մարտի 1-ից ուժի մեջ է մտել ևս մեկ փոփոխություն, ըստ որի սահմանվում է օտարերկրացիներին աշխատանքի շուկայում ներգրավելու քվոտա։ Մարզերին տրված է հնարավորություն որոշելու, թե իրենց մարզում ինչ աշխատանքի համար որքան օտարերկրացի կարող է ներգրավվել։ Այս փոփոխությունը, ըստ Տաթևիկ Բեժանյանի, վստահաբար կարող է ազդել միգրացիոն հոսքերի վրա։
«Այս քվոտաները տարածվելու են նաև շինարարության, ծառայությունների ոլորտների վրա, հետևաբար այս փոփոխությունը իր ազդեցությունը կթողնի։ Պետք է նշեմ, որ 2022 թվականից հետո նկատվում է Հայաստանից դեպի ՌԴ միգրացիոն հոսքերի նվազում։ Եթե 2022 թվականին խոսում էինք 95 000-100 000 աշխատանքային միգրանտի մասին, ապա այդ թիվը հիմա չի հասնում 70 հազարի»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը։
Այդ նվազումը նա պայմանավորեց ինչպես ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացմամբ, այնպես էլ Հայաստանում շինարարության ակտիվացմամբ։ Շատերը ներգրավվում են այդ աշխատանքներում։


