Հաշվեքննիչ պալատի կարծիքով՝ 2024 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը տալիս է ճշմարիտ և իրական պատկերը. Ջանջուղազյան
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Ելույթով հանդես եկավ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2024 թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը, նաև պալատի եկամուտների ու ծախսերի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը:
«Հաշվեքննիչ պալատի կարծիքով՝ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ և իրական պատկերը: Հաշվեքննիչ պալատը 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով՝ եղել է 83 անհամապատասխանություն, որոնք ներկայացվել են հաշվեքննության ենթարկված մարմիններին: Հաշվեքննիչ պալատն իրականացրել է եռամսյա բյուջեների կատարման 32 հաշվեքննություն:
«8 մարմիններում արձանագրված անհամապատասխանությունների մասին է խոսքը: 3 մարմնում արձանագրվել է 6 խեղաթյուրում: Խեղաթյուրումների հանրագումարային մեծությունը կազմել է շուրջ 3,1 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսային մասի 0,11 տոկոսը: Արձանագրված անհամապատասխանությունների և խեղաթյուրումների հիման վրա Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է 48 առաջարկություն հաշվեքննության ենթարկված մարմիններին»,- հայտնեց նա:
Խոսելով հաշվետու տարում Հաշվեքննիչ պալատի բյուջեի կատարման հիմնական ցուցանիշների մասին՝ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց՝ Հաշվեքննիչ պալատի ծախսերը կազմել են ավելի քան 1 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրի 88 տոկոս կատարողական:
Հաշվետու տարում հրապարակվել են Հաշվեքննիչ պալատի իրականացրած 41 հաշվեքննության արդյունքները: