հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում վերջին օրերին առաջացած տեխնիկական խնդիրների առնչությամբ հարկ վճարողներին լրացուցիչ հնարավորություն է տրվել ներկայացնելու հաշվետվությունները, և տույժեր չեն առաջացել։  ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցերին։

Վարչապետը նշեց, որ էլեկտրոնային հարթակի խափանումների վերաբերյալ քաղաքացիներից նամակներ է ստացել և դրանք փոխանցել ՊԵԿ նախագահին։ Նա հետաքրքրվեց՝ արդյոք խնդիրները կարգավորվել են, և ապահովվել է, որ տեխնիկական պատճառներով հաշվետվություններն ուշ ներկայացրած անձինք չտուժեն։

«Մեկ օր հնարավորություն ենք տվել հարկ վճարողներին, որպեսզի ամսի 21-ին, ովքեր չեն հասցրել 20-ին հաշվետվությունները հանձնել, 21-ին հանձնեն։ Որևէ տույժեր չեն առաջացել։ Հնարավորություն տվել ենք, նաև անհատական աշխատել ենք բոլորի հետ, որ որևէ մեկի մոտ բողոքը հանկարծ չմնա բաց, որևէ բաց հարց չմնա»,-պատասխանեց Հակոբյանը։

ՊԵԿ նախագահը հավելեց, որ նախորդ օրվա դրությամբ հաշվետվությունները ներկայացվել էին, և չլուծված բողոքներ չէին մնացել։

Վարչապետը նաև հետաքրքրվեց խափանումների պատճառներով։ Հակոբյանը դրանք կապեց որոշակի օրերին մեծ թվով հաշվետվություններ միաժամանակ ներկայացնելու հետևանքով համակարգի ծանրաբեռնվածության հետ։

«Հիմնական խնդիրը ծանրաբեռնվածության հարցերն են, որոնք կուտակվում են ինչ-որ մի կետում։ Բնական է, որ համակարգը երբեմն այդպիսի խնդիրներ է ունենում, բայց դրանք կառավարելի խնդիրներ են»,-ասաց ՊԵԿ նախագահը։

 

  • Կիսվել: