ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Հանրային տրանսպորտը կդառնա ավելի հարմարավետ ու արագ․ Երևանում երթևեկության մի շարք փոփոխություններ են սպասվում

Հանրային տրանսպորտը կդառնա ավելի հարմարավետ ու արագ․ Երևանում երթևեկության մի շարք փոփոխություններ են սպասվում

Երևանի քաղաքապետարանը պլանավորում է ավելացնել հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը, որի արդյունքում ավտոբուսները կստանան առավելություն երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ 

Հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը նշեց, որ իրականացվելու են մի շարք քայլեր, որոնց արդյունքում հասարակական տրանսպորտը կդառնա ավելի հարմարավետ ու ավելի արագ։ 

«Նախ այն ավտոբուսային գծերը, որոնք առանձնացված են մինչև Մաշտոցի պողոտա, պետք է ունենան իրենց տրամաբանական շարունակությունը մինչև Իսակովի պողոտա։ Ընդհանուր տրամաբանությունը հետևյալն է՝ Մաշտոցի պողոտայից ավտոբուսի գիծը շարունակվելու է դեպի Խորենացի փողոց, այնուհետև Իտալիայի ու Բեյրութի փողոցներով, Արգիշտի փողոցով դեպի Հաղթանակ կամուրջ»,-ասաց Վազգեն Հարությունյանը։ 

Վերը նշված ավտոբուսային երթուղին ապահովելու համար իրականացվելու են ճանապարհային երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ։ Խորենացի փողոցի այն հատվածում, որտեղ առանձնացվելու է ավտոբուսային գիծ, նախատեսված է կիրառել ավտոմեքենաների կայանման արգելք։  

Որպես այդ աշխատանքների շարունակություն լինելու է Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխությունը։  

«Ակնկալվում է Սարյան փողոցում կազմակերպել միակողմանի երթևեկություն, որի  ուղղությունը լինելու է Լեոյի փողոցից դեպի Բաղրամյան պողոտա, Թումանյան-Մոսկովյան հատվածից դեպի Բաղրամյան պողոտա ևս սահմանվելու է միակողմանի երթևեկություն։ Սարյան փողոցում այսօր ունենք խնդիր երթևեկության անընդհատության ապահովման հետ կապված։ Այն ներկայում շատ ակտիվ տուրիստական հատված է, բավականին հաճախ խցանումներ են լինում։ Նշած փոփոխության արդյունքում սպասվում է տրանսպորտային հոսքի անընդհատության ապահովում»,-ասաց Վազգեն Հարությունյանը։  

Սարյան փողոցին որպես հակառակ ուղղություն կլինի Մաշտոցի պողոտան։  Որոշ հատվածներում կայանման արգելքներ կսահմանվեն, որ Մաշտոցի պողոտայում ևս հոսքի անընդհատությունը հնարավոր լինի ապահովել։  

Այս բոլոր փոփոխությունները ենթադրում են փողոցներում կահավորման աշխատանքներ՝ ճանապարհային նշաններ, գծանշումներ, լուսացույցի նոր ռեժիմի սահմանում և այլն։ 

Ի՞նչ խնդիր են լուծում այս փոփոխությունները, և ի՞նչ ակնկալիքներ կան։ Վազգեն Հարությունյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ հասարակական տրանսպորտը պետք է ունենա առավելություն երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, ու ավտոբուսային գծերի առանձնացումը հենց դրան է ուղղված։  

Փոփոխություններին ուղղված աշխատանքներն ավարտին կհասցվեն ամռան ամիսներին, գործնականում արդյունքները տեսանելի կլինեն սեպտեմբերին

 

  • Կիսվել: