երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Համաճարակի վտանգ՝ Գետափնյա բնակավայրում. կեղտաջուրը տարիներ շարունակ լցվում է մարդկանց տներ և այգիներ

Համաճարակի վտանգ՝ Գետափնյա բնակավայրում. կեղտաջուրը տարիներ շարունակ լցվում է մարդկանց տներ և այգիներ

Տևական ժամանակ է՝ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Գետափնյա բնակավայրի հարյուրավոր բնակիչներ ապրում են գարշահոտ ու հակասանիտարական պայմաններում և իրենց հողամասերը չեն կարողանում մշակել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Կեղտաջուրը այնպես վարար է թափվում, որ տպավորություն է՝ վայրկյանում մի քանի հարյուր լիտր դուրս է գալիս, իսկ հոտը զգացվում է մի քանի հարյուր մետրից և տարածքով անցնելիս սրտխառնոց ես ապրում։

Կայքի հետ զրույցում բնակիչները զայրացած ասում էին. «Գրեթե 10 տարի է՝ Երևանի Աերացիա թաղամասի, որը Շենգավիթին է պատկանում, այդ հատվածով անցնող խոշոր տրամաչափի կոյուղատարից կեղտաջուրը լցվում է մեր տներ ու բակեր։ Ամառվա տապին նույնիսկ չենք համարձակվում դուռ ու լուսամուտ բացել։ Շատերն ասում են, թե լավ ա, հողամաս ունեք, բերք ու բարիք կմշակեք, հիմա ուզում ենք հարց տալ, էս ջրով աճեցրած բերքը դուք կուտե՞ք, հարգելի Շենգավիթի թաղապետարան ու «Վեոլիա ջուր»։ Դիմում ենք «Վեոլիա ջուր», ասում են՝ մեր գործը չէ, Շենգավիթի թաղապետարան դիմեք, Շենգավիթի թաղապետարանից էլ գցում են «Վեոլիա»-ի վրա։

Եթե հարցը չլուծվի, Գետափնյայի ամբողջ բնակչությունով՝ ահել-ջահել, մեր ու մանուկ, էս կեղտաջուրը լցնելու ենք դույլերի մեջ ու գնանք կառավարություն»։

  • Կիսվել: