չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Համաձայնագրի վավերացումը կնպաստի ԱՄՆ-ի հետ մաքսային ոլորտում համագործակցության ամրապնդմանը

Համաձայնագրի վավերացումը կնպաստի ԱՄՆ-ի հետ մաքսային ոլորտում համագործակցության ամրապնդմանը

Խորհրդարանը քննարկում է Կառավարության  ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: 

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսային ծառայությունների միջև մաքսային բնագավառում համագործակցության ձևավորման, երկկողմ հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորման, սերտացման և փոխադարձ շահավետ գործակցության հնարավորությունների ամրապնդման և ընդլայնման համար:

«Համաձայնագիրը չի հակասում մեր գործող օրենսդրությանը, այդ թվում՝ ԵԱՏՄ պարտավորություններին, այն ընդամենը տվյալների փոխանակման մասին է: Մեր համագործակցությունը ԱՄՆ-ի հետ համաձայնագրով չի սահմանափակվում, ունենք գործող ծրագիր, որի շրջանակում վերազինվում են մեր ցամաքային անցման կետերի որոշ հատվածներ: Մենք ունենք Վերակառուցման և զարգացման բանկի հետ համապարփակ ծրագիր, որի շրջանակներում արդիականացվելու են ոչ միայն անցման կետերը, այլև բուն մաքսատները»,- ասաց նա:  

Համաձայնագրով նախատեսվում է մաքսային գործին վերաբերող ոլորտներում համագործակցության և փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման նպատակով տեղեկատվության փոխանակման արարողակարգերի պարզեցում և հստակեցում:

Համաձայնագրի կիրառմամբ կկարգավորվեն երկու երկրների մաքսային ծառայությունների միջև հարցումների ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայությամբ պայմանավորված տեղեկատվության փոխանակման և հարցումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրները: Երկու երկրների մաքսային մարմինների միջև փոխադարձ օգնության ցուցաբերումը կնպաստի ՀՀ մաքսային օրենսդրության պատշաճ իրավակիրարկմանը՝ նպատակաուղղված մաքսային վարչարարության ընթացքում ծագող խնդիրների կարգավորմանը:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ապրանքաշրջանառության բարձր ցուցանիշները՝ Համաձայնագիրը կնպաստի նաև ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ առաջացող հարցերի առավել արագ և օպերատիվ արձագանքմանն ու պատշաճ լուծմանը: 

«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 11-ին:

Համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը կնպաստի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մաքսային ոլորտում համագործակցության ամրապնդմանը:

  • Կիսվել: