Եթե ՔՊ նիստերին հետևեմ, ուրեմն այսօր Աջափնյակի մետրոյով եմ եկել, մեկ–մեկ էլ ճոպանուղիով բարձրանում եմ Մարաշ. Մանուկյան
Պարոն Ավինյան, ու այսքանից հետո Դուք ուզում եք, որ ավագանին լո՞ւրջ վերաբերվի Ձեզ, կամ սիրում եք ասել, կառուցողական ընդդիմություն։ Այս մասին, այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ արձագանքելով Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ավագանու որոշման նախագծի ներկայացմանը։
«Եթե խոսում եք նոր աղբավայրից, ու աղբի վերամշակման գործարանի մասին ասում եք զրո բառ, ո՞նց այս ծրագրին լուրջ վերաբերվեմ։ Ես որպես տասը տարվա փորձ ունեցող մանկավարժ, գիտական աստիճան ունեցող, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ չի կարող երկու օրվա մեջ այս բարդ 250 էջանոց զեկույցի մասին մարդ խոսի, կարծիք ասի, մի հատ էլ քննարկի։
Տիգրան Ավինյան, Դուք սրանով արժեզրկում եք քաղաքապետարանը, ավագանու ինստիտուտը՝ ի դեմս Ձեզ։ Մի նեղացեք, որ ասում ենք։ Հիմա աղբի վերամշակման գործարան ինչի՞ չեք պլանավորել»,–ասաց նա։
Ի պատասխան քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանն ասաց, որ դեկտեմբերի վերջին հայտարարել են ներդրողի մրցույթ, հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 27-ն է, այդ ուղղությամբ գործողություններ են իրականացվում ազգային ու համայնքային մակարդակներում։
«Եթե ՔՊ-ի գործակարգավարական նիստերին հետևեմ, ուրեմն այսօր Աջափնյակի մետրոյով եմ եկել, էն Շենգավիթի ֆենոմենալ հանգույցով անցել եմ, որ արդեն կառուցել եք, Արշակունյացն էլ արդեն Իսակովին է կպել։ Ճոպանուղով էլ մեկ-մեկ բարձրանում եմ Մարաշ, հետ եմ գալիս»,-հեգնեց Մանուկյանը։


