Ես չեմ, դու ես, ի՞նչ անեմ էսքան ծաղիկը, հենց հիմա 8 միլիոն վարկ ունեմ. տնտեսվարող
Արդեն մեկ ամիս է լինում, որ չենք կարողանում ծաղիկ արտահանել Հայաստանից. ես ո՞նց վարկը փակեմ, 8 միլիոն դրամի վարկ ունեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ջերմոցում ծաղիկ աճեցնող տնտեսվարող Աղվան Ասլանյանը, ով Զվարթնոց գյուղից է։
Նշենք, որ տնտեսվարողները մտադիր են փակել Էջմիածին –Երեւան մայրուղին։
«Ես չեմ դուք, եք, կասեք՝ ո՞նց անեմ, այսքան ծաղիկը ինչ անեմ, դեռ վաղը կրկնակի շատ եմ քաղելու։ Մի լուծում ասեք։ Աշխատող ենք պահում, աշխատողի գումար ենք տալիս, ճարահատված ասում ենք՝ մի եկեք։ Արդեն հինգ տարի է այս բիզնեսով եմ զբաղվում, նաև արտահանումով եմ զբաղվում։
Մենք պահանջում ենք, որ ճանապարհը բացեն, կարողանանք արտահանել։ Հիմա ես ընկնեմ զբաղվեմ ծաղիկը մշակելով, թե՞ թուղթ սարքելով։ Ինչ–որ հիվանդության համար թուղթ են ուզում։ Եթե ծաղիկը հիվանդ եղավ, մեզ մոտ է փչանալու, ոչ թե ուղարկենք, այնտեղ փչանա»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ռուսական կողմը դեռ հունիսին էր հայտարարել, որ Հայաստանից վարակված ծաղիկներ են մտել Ռուսաստան և դրանով պայմանավորված մուտքը արգելել են, Աղվն Ասլանյանն ասաց. «Մեր ծաղիկները 100 տոկոս չունեն այդ վարակը։ մենք պայքարում ենք, որ իդեալական ծաղիկ ստանանք։ Ծաղիկը, եթե տրիպս եղավ, այդ ծաղիկը որակով ծաղիկ չի լինի, հաստատ չես էլ կարա վաճառես նույնիսկ էստեղ։
Ես 2300 մետր ջերմոց ունեմ եւ առնվազն արդեն 5 մլն դրամի վնաս եմ ստացել։ Դեռ 89 միլիոնի ծաղիկ ունեմ, որ պիտի ծաղկի»։
Նշենք, որ ՍԱՏՄ–ն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ռուսաստանի դաշնություն ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրավիրում է քննարկման։


