Ես չէի ցանկանա, որ մենք գնանք այդ որոշմանը. վարչապետը՝ ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումները դադարեցնելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ցանկանում է ունենալ նորմալ, բնականոն, բարեկամական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Դրանով է պայմանավորված, որ չնայած ռուսական որոշ հեռուստաալիքներ հատել են բոլոր հնարավոր «կարմիր գծերը», այդուհանդերձ, վարչապետը չի ցանկանում՝ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Հայաստանը ստիպված լինի հանրային մուլտիպլեքսում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։
Այս մասին Փաշինյանը նշեց հուլիսի 16-ի մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի վարչապետը կարծում է, որ ռուսական որոշ հեռուստաալիքներ պետք է զրկվեն Հայաստանում հեռարձակումից։
«Այո՛, ռուսական որոշ հեռուստաալիքներ հատել են բոլոր հնարավոր «կարմիր գծերը», բայց նաև իմ ասած նկատառումներով՝ ես չէի ուզենա, որ մենք ստիպված լինենք այդ որոշումը կայացնել, որովհետև մենք չեն փնտրում հակասություն, հակադրություն կամ կոնֆլիկտային իրավիճակ Ռուսաստանի հետ։ Ես շատ հարգալից, բաց, թափանցիկ, ազնիվ, անկեղծ հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև՝ ՌԴ վարչապետ Վլադիմիր Միշուստինի հետ։ Մի կողմ դնելով քաղաքական առումը՝ ես նաև մարդկային դիսկոմֆորտ ունեմ, որ մենք ստիպված լինենք նման որոշում կայացնել։ Ես չէի ուզենա և չեմ ուզում, որ մենք գնանք այդ որոշմանը»,-ընդգծեց վարչապետը:
Նա նկատեց՝ տպավորություն կա, որ Ռուսաստանում կան ուժեր, որոնք հայկական կողմին ցանկանում են ստիպել՝ գնալու այդպիսի որոշումների։
«Եթե շատ ստիպեն, ի՞նչ անենք, պետք է ուզած-չուզած` գնանք նման քայլի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։


